211652_close_icon
views-count73594 դիտում article-date 18:35 23-09-2021

Ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում. 38–ամյա տղամարդը Hyundai Galloper–ով մոտ 200 մետր գահավիժել է անդունդը. դին դուրս են բերել փրկարարները. նա երեկվանից որոնվում էր հարազատների կողմից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել  Վայոց  Ձորի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային  կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝  ժողովրդին հայտնի Ջերմուկի խաչմերուկից դեպի Ջերմուկ տանող ճանապարհի 2-րդ կմ հատվածում  Hyundai Galloper մակնիշի ավտոմեքենան մոտ 200 մետր գահավիժել է անդունդը և կան կասկածներ, որ հնարավոր է, տուժած քաղաքացի կամ քաղաքացիներ լինեն:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Վայքի  թիվ 61 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն  ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին  դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի,  դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

 Փրկարարներն ու ոստիկանները  Վայքի հիվանդանոցի բժիշկների հետ քաղաքացիների օգնությամբ մեծ դժվարությամբ տղամարդու դին դուրս են բերել ձորից և մոտեցրել  շտապօգնության ավտոմեքենային:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Ջերմուկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Արմենակյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է  քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ մահացածը Վայոց Ձորի մարզի բնակիչ, 38-ամյա Սեդրակ Մարտիրոսյանն էր, ում  երեկվանից  հարազատները որոնում  էին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր