Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 30-ամյա վարորդը «Արծվի թևեր»-ի մոտ Renault-ով 200 մետր գահավիժել է անդունդը. նրան հատուկ ճոպաններով ու պատգարակով մեծ դժվարությամբ դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ մարտի 20-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 30-ամյա Ալբերտ Սարգսյանը իր վարած Renault մակնիշի 26 ԼՏ 652 համարանիշի ավտոմեքենայով  Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի «Արծվի թևեր»-ի մոտ՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթկելի գոտուց,  մի քանի պտույտ գլորվելով և ապառաժ քարերին բախվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել է անդունդում: 
Ինչպես  դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում մոտ 200 մետր անդունդից հատուկ ճոպանների ու պատգարակի միջոցով դուրս են բերել օպերատիվորեն ժամանած հրշեջ-փրկարարները, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի  3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Վթարի  մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության  Աբովյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է  ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                        
            


