211652_close_icon
views-count1878 դիտում article-date 22:36 08-09-2021

Առաջին ատյանի դատարանը հաշվի չէր առել գործի բոլոր փաստական հանգամանքները. Վերաքննիչը գործն ուղարկեց նոր քննության. ՀՔԱՎ

Վերաքննիչ դատարանը մասնակի բավարարեց ՀՔԱՎ-ի հայցը` բեկանելով ՀՀ առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը՝ հարկադիր կատարողի որոշումների վերաբերյալ,  և գործն ուղարկեց նոր քննության։

2013 թ. մայիսի 15-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ խնդրելով մասնակի անվավեր ճանաչել Լոռու մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող Մերուժան Նալբանդյանի՝ կատարողական վարույթ հարուցելու որոշումներով ՀՔԱՎ-ից յուրաքանչյուր կատարողական գործողության համար  5000-ական դրամ բռնագանձելու մասով:

2013 թ. մարտի 29-ին Լոռու մարզային բաժանմունքի հարկադիր կատարող Մերուժան Նալբանդյանը կատարողական վարույթ հարուցելու մասով որոշել է ՀՔԱՎ-ից 16000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար բռնագանձել՝ հօգուտ ՀՀ պետական բյուջեի։ Նույն թվականին նա կայացրել է կատարողական վարույթ հարուցելու մասին մեկ այլ որոշում՝ կատարողական երկու գործողությունների համար 5000-ական դրամ բռնագանձելու մասին․ և որոշել էր արգելանք դնել ՀՔԱՎ-ին պատկանող շարժական գույքի վրա։

2013 թ. ապրիլի 9-ին ՀՔԱՎ-ը Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ԴԱՀԿ) Լոռու մարզային վարչության հաշվեհամարին կատարել էր 16000 և 10000 ՀՀ դրամ համապատասխան վճարումներ, սակայն, քանի որ կատարողական վարույթ ըստ էության չի կատարվել, անհիմն են կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումներով պահանջվող 5000-ական դրամները, և այդ մասով կայացված որոշումները պետք է ճանաչվեն անվավեր․ կատարողական ծախսեր պահանջելու համար հարկադիր կատարողի կողմից պարտադիր պետք է իրականացված լինեն հստակ գործողություններ, օրինակ՝  փորձագետի վճարման համար, պարտապանի գույքի հայտնաբերման, զննման, արգելանք դնելու և այլն, որոնք նշված են ՀՀ օրենքի 66-րդ հոդվածում, այսպես՝ որոշում կայացնելը՝ որպես կատարողական գործողություններ դիտարկելը և 5000 ՀՀ դրամ գործողության կատարման ծախս հաշվարկելը չեն համապատասխանում օրենքի պահանջներին:

Արդեն 2018 թ․ հուլիսի 17-ին ՀՀ վարչական դատարանը որոշել էր, որ հայցը ենթակա է մերժման՝ եզրակացնելով, որ վիճարկվող կատարողական վարույթներով հարկադիր կատարողի կողմից կատարվել են կատարողական գործողությունների կազմակերպման և անցկացման համար ծախսեր՝ մասնավորապես պարտապանի շարժական գույքի վրա արգելանք դնելու, փոստային և գրասենյակային ծախսեր։

Դատարանի վճռի դեմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացրել է վերաքննիչ բողոք։

Նախ, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողը պետք է իրականացներ  կատարողական գործողություն, իսկ կատարողական գործողությունների ցանկը առավել քան հստակ սահմանված է արդեն իսկ վկայակոչված 66-րդ հոդվածի 2-րդ մասում, մինչդեռ, Լոռու մարզային բաժնի հարկադիր կատարող Մ. Նալբանդյանի կողմից  ընդամենը կայացվել են կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումները,  այսինքն՝ միակ քայլը, որ կատարել է հարկադիր կատարող Մ. Նալբանդյանը, եղել է որոշման կայացումը. «Կատարողական գործողություն» և «Որոշում»  հասկացությունները սույն օրենքի շրջանակներում պարզապես չեն կարող նույնացվել, և որոշման կայացումը ինքնին չի կարող դիտարկվել որպես կատարողական գործողություն, հետևաբար՝ միայն որոշման կայացումը չի կարող կատարողական ծախսի պահանջի հիմք հանդիսանալ։

Սա ոչ այլ ինչ է, քան այդ որոշումը կայացնողի և այն իրավաչափ համարողի անհատական իրավական մեկնաբանության և ընկալման արդյունք։

Բացի դրանից՝ Մ․ Նալբանդյանը ոչ ներկայացրել է որևէ ռացիոնալ հիմնավորում՝ կայացրած որոշումը կատարողական գործողություն դիտարկելու և դրա հիման վրա կատարողական ծախս պահանջելու վերաբերյալ, ոչ էլ ՀՔԱՎ ներկայացրած  իրավական մեկնաբանությունները հերքող համապատասխան իրավական և փաստական հանգամանքներ։ Սակայն դատարանը, անհասկանալի հանգամանքներով պայմանավորված, մի կողմ թողնելով հայցվորի ներկայացրած հիմնավորումները, առաջնորդվել է պատասխանողի կողմից անորոշ իրավանորմերի հղումներով և մերժել ներկայացրած հայցապահանջը։

Չի պահպանվել նաև գործի ողջամիտ ժամկետներում քննության սկզբունքը․ ՀՔԱՎ-ը հայց է ներկայացրել 2013 թ.-ին, իսկ դատարանը վճիռ կայացրել է հայցի ներկայացումից ավելի քան 5 տարի անց՝ 2018 թ.-ին։

Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ՀՔԱՎ-ը կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումները մասնակի անվավեր ճանաչելու պահանջով դիմելով դատարան, նպատակ է ունեցել իրացնել դրանց դատական կարգով բողոքարկման իր իրավունքը, իսկ  Դատարանը, գործը դատաքննությանը նախապատրաստելու փուլում հրավիրված նախնական դատական նիստի ժամանակ պետք է ոչ թե որոշում կայացներ վարչական գործը դատաքննության նշանակելու մասին, այլ,  առաջարկեր  ներկայացված ոչ ճիշտ հայցատեսակը փոխարինել պատշաճ հայցատեսակով։ Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը եզրակացնում է, որ Առաջին ատյանի դատարանը հաշվի չի առնել գործի փաստական հանգամանքները պարզելու պարտականությունը, մասնավորապես` չի իրականացրել ոչ ճիշտ հայցային պահանջները ճշտելու վերաբերյալ հայցվոր կողմին առաջարկ անելու պարտականությունը։ Այս հիմքերով Վերաքննիչ դատարանը 2021 թ․ մայիսի 26-ին որոշեց կայացված դատական ակտը բեկանել և գործը նոր քննության ուղարկել։

Այսպես՝ յուրաքանչյուր որոշում պետք է լինի  հստակ պատճառաբանված. կայացված որոշման փաստական հանգամանքները պետք է լինեն հստակ շարադրված, բացի դրանից՝ դատարանը պարտավոր է, գործադրելով դատավարական բոլոր հնարավոր միջոցները, առաջարկելու ներկայացնել պատշաճ  հայցատեսակ։

Նմանատիպ նյութեր