211652_close_icon
views-count1763 դիտում article-date 11:25 02-09-2021

Հայաստանն՝ ըստ Պլատոնի «կանխատեսումների»․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Մեզ միայն թվում է, որ այն, ինչ կատարվում է Հայաստանում, յուրահատուկ է եւ անկրկնելի: Իրականում պետության ձեւափոխումների տրամաբանություն մասին գրում էր դեռեւս Պլատոնը՝ Ք.ա. 4-րդ դարում: Ավելի կոնկրետ Ք.ա. 360 թվականին նա շարադրել էր իր «Պետությունը», որտեղ նախանշել էր կառավարման այն ձեւերը, որոնք, համենայնդեպս, «արեւմտյան ավանդույթներ» ունեցող երկրներում հանդիպել են եւ հանդիպում են հետագա 2,5 հազարամյակի ընթացքում: Մեր 30 տարվա պատմությանը նույնպես դա առնչվում է անմիջապես:

1/ Ըստ Պլատոնի, իդեալական է այն պետությունը (պոլիսը), որը կառավարում է փիլիսոփան: Բայց հույն փիլիսոփան միամիտ չէր ու հասկանում էր, որ դա ուտոպիա է, որի վրա չարժե երկար կանգ առնել:

2/ Իդեալականից մեկ աստիճան ցածր, նրա կարծիքով, գտնվում է միապետությունը: Միապետն այն մարդն է, որը գիտի, թե ինչն է համընդհանուր բարիքը: Իհարկե, ցանկալի է, որ միապետի կողքին փիլիսոփա լինի, որն իմաստուն խորհուրդներով կուղղորդի միապետին, բայց դա պարտադիր չէ: Հիշեցնենք, որ որոշ ժամանակ ինքը՝ Պլատոնը, խորհուրդներ էր տալիս Սիցիլիայի միապետին: Ըստ առասպելի՝ այդ խորհուրդներն, ի վերջո, այնպես էին զայրացրել միապետին, որ նա Պլատոնին ստրկության էր վաճառել, որից հետո ընկերները փիլիսոփայի համար դարձյալ ազատություն էին գնել:

3/ Միապետությունից մի փոքր վատն է արիստոկրատիան, երբ նույն բարիքի մասին մի քանի հոգի գիտեն: Պարզ է, թե ինչու է դա ավելի անցանկալի. երբ մի քանի հոգի է համընդհանուր բարիքի մասին մտածում, ամեն մեկն «իր վրա է վերմակը քաշում»:

4/ Շատ ավելի մեծ վտանգներ է պարունակում տիմոկրատիան՝ զինվորականների իշխանությունը: Նախ՝ նրանց տարերքը պատերազմն է, դա, այսպես ասած, «պատերազմի կուսակցություն է»: Երկրորդ՝ զինվորականները, երբ իշխանություն են ստանում, շատ արագ այլասերվում են, ձգտում են տիրանալ սեփականությանը: Դրա ականատեսն էինք Հայաստանում 1994-98 թվականներին, երբ բանակին, «երկրապահներին» տվեցին հսկայական քաղաքական ու տնտեսական լծակներ: Կառավարման նման ձեւը, Պլատոնի կարծիքով, անխուսափելիորեն բերում է ավելի ցածր աստիճանի՝ օլիգարխիայի:

5/ Օլիգարխիա՝ քչերի իշխանություն: Այդ, քչերը, բնականաբար, բացի իրենց քսակից, այլ բաների մասին չեն մտահոգվում: Կառավարման այդ ձեւը (1998-2018) հայաստանցիներին, կարծում եմ, պետք չի երկար բացատրել: Օլիգարխիայի ժամանակ հասարակությունը բեւեռացվում է, ժողովրդի հիմնական հատվածն աղքատանում է, լյումպենացվում է: Ի դեպ, «լյումպենը» հայհոյանք չէ՝ դա քաղաքագիտական եւ տնտեսագիտական եզր է, որը հաճախ կիրառում էր Մարքսը: Լյումպենն այն քաղաքացին է, որը զրկվել է սեփականությունից (օրինակ, սեփականաշնորհման հետեւանքով) եւ ներփակվում է իր առօրյա հոգսերի մեջ: Օլիգարխայի ժամանակ սրվում են հակասությունները հարուստների եւ աղքատների միջեւ, դրանք վերածվում են ներքին բախումների, ապստամբությունների:

6/ Այդ ամենի արդյունքում հաստատվում է դեմոկրատիան, որի նկատմամբ, ի տարբերություն մեզ, Պլատոնի վերաբերմունքը խիստ բացասական է: Ըստ նրա՝ դա կատարյալ քաոս է, ամբոխի իշխանություն: Ամբոխը պատկերացում չունի, թե որն է ընդհանուր բարիքը ու ղեկավարվում է զուտ բնազդներով: Ամբոխի ներկայացուցիչները վաղ թե ուշ սկսում են իրար մորթել, եւ դրանից հետո պետությունը, հույն փիլիսոփայի կարծիքով, կարող է ընդհանրապես վերանալ: Բայց եթե չի վերանում, ապա հայտնվում է մեկը, որը բոլորին է մորթում, եւ դառնում է բռնապետ:

7/ Բռնապետությունը (տիրանիան), Պլատոնի դասակարգմամբ, կառավարման ամենավատ ձեւն է, բայց, ըստ դիալեկտիկայի տրամաբանություն, զուտ տեսականորեն ինչ-որ մի պահի բռնապետի կողքին կարող է հայտնվել փիլիսոփա, եւ այդ դեպքում բռնապետը դառնում է միապետ, ու դրանով սկսվում է նոր շրջափուլը: Կապրենք, կտեսնենք»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր