211652_close_icon
views-count57663 դիտում article-date 17:16 29-08-2021

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. BMW-ն մի քանի պտույտ շրջվելով՝ տապալել է քարե պարիսպն ու կողաշրջվել. վիրավորներին առաջինը օգնության են հասել ՃՈ ավագ տեսուչը, փրկարարներն ու բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:50 –ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝  բախվել  շինության քարե պարսպին, փլուզել այն և կողաշրջվել:

 Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝  մեկը ՝ ճամբարակի, մյուսը՝ Սևանի բժշկական կենտրոններ:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ճանապարհային  ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ռուդիկ Խանզրադյանը և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Օպերատիվ են գործել նաև ճամբարակի և Սևանի բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի  1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հարմանատար  Էդգար Սուսլիյանի, դասակի  հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները  ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 Օպերատիվորեն ժամանել է նաև  ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սասուն Հարությունյանի գլխավորությամբ:

Մինչ դեպքի վայրում զննություն էր կատարում ավագ հետաքննիչ Բ. Սարիբեկյանը, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը՝ գիտակցության չգալով, մահացել է:
 
Այս պահին ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 107+
107+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր