211652_close_icon
views-count2437 դիտում article-date 18:16 25-08-2021

Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել ԱԺ-ում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ

Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել խորհրդարանում ԶԼՄ-ների աշխատանքի սահմանափակումների ու կիրառվող բռնությունների վերաբերյալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

«Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր խոր մտահոգությունն ու վրդովմունքն ենք արտահայտում վերջին երկու օրերին Ազգային ժողովում տիրող անընդունելի իրավիճակի և գործընթացների, հատկապես՝ դրանք լուսաբանող լրագրողների ու օպերատորների աշխատանքները խոչընդոտելու կամ ապօրինաբար դադարեցնելու փաստերի առնչությամբ։

Այսպես, օգոստոսի 24-ի նիստին, երբ ԱԺ պատգամավորների թեժ վեճերը վերածվեցին ծեծկռտուքի, անվտանգության աշխատակիցները բռնի ուժով հեռացրին ԶԼՄ-ների ներկայացուցիչներին մամուլի համար նախատեսված օթյակից՝ թույլ չտալով շարունակել նկարահանումները։ Լրագրողների ու օպերատորների գործունեությունը խոչընդոտվել է նաև նիստերի դահլիճի մուտքի մոտ։ Ի թիվս բազում այլ անհիմն արգելքների՝ անվտանգության ծառայողները սպառնացել են «News.am» լրատվական կայքի օպերատոր Հայկ Տոնոյանին՝ զրկել ԱԺ հավատարմագրումից, եթե շարունակի նկարել, ապա՝ ըստ վերջինի, ջնջել են ծեծկռտուքի տեսանյութը։

Նույն իրավիճակը կրկնվել է այսօր՝ օգոստոսի 25-ին․ որպեսզի խորհրդարանականների ծեծկռտուքը չնկարահանվի, ԶԼՄ-ների ներկայացուցիչները դարձյալ հեռացվել են օթյակից, ընդ որում՝ նաև ֆիզիկական բռնության կիրառմամբ։ Նրանց մասնագիտական գործունեությունն անհիմն արգելվել է նաև նիստերի դահլիճի մուտքի մոտ։

Մենք պնդում ենք, որ Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողների ու օպերատորների նկատմամբ իրականացվող այս գործողությունները ոչ այլ ինչ են, քան ապօրինություններ՝ ուղղված խոսքի ազատության և հասարակության տեղեկացված լինելու իրավունքի դեմ։ Դրանք հակասում են նաև լրագրողական երեք կազմակերպությունների՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավարների և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ս. թ. օգոստոսի 23-ին կայացած հանդիպման և քննարկման բովանդակությանն ու էությանը։

Անքննելի է, որ ՀՀ բոլոր քաղաքացիներն իրավունք ունեն իմանալու, թե ինչպես է աշխատում և ինչ վարքագիծ է դրսևորում յուրաքանչյուր պատգամավոր։ Ավելին՝ խորհրդարանի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն, որը չի պարունակում պետական կամ այլ գաղտնիք, պետք է դառնա հանրության սեփականությունը։ Իսկ դա հնարավոր է ապահովել նախևառաջ ԶԼՄ-ների անկաշկանդ գործունեության միջոցով։

Ելնելով վերոգրյալից՝ պահանջում ենք.

ԱԺ ղեկավարությունից՝ անհապաղ դադարեցնել խորհրդարանում հավատարմագրված լրագրողների և օպերատորների նկատմամբ կիրառվող բռնությունները, ճնշումները և ապօրինի սահմանափակումները՝ անկախ այն հանգամանքից, թե նրանք ինչ իրադարձություններ են լուսաբանում՝ մասնագիտական պարտականություններից ելնելով,

ԱԺ նախագահից՝ անպայմանորեն մասնակցել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ օգոստոսի 30-ին կայանալիք քննարկմանը, որը նվիրված է լինելու վերոհիշյալ խնդիրներին, և առավելագույնս ընդառաջել լրագրողների ողջամիտ ակնկալիքներին,

Անվտանգության ծառայության աշխատակիցներից՝ չգերազանցել իրենց լիազորությունները. խորհրդարանում աշխատող լրագրողների ու օպերատորների նկատմամբ չկիրառել անհիմն սահմանափակումներ, չներկայացնել անօրինական պահանջներ և չխոչընդոտել նրանց մասնագիտական գործունեությունը»։ 

Հայտարարության տակ ստորագրել են.

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Երեվանի մամուլի ակումբ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Լրագրողների «Ասպարեզ» ակումբ

Ինֆորմացիայի ազատության կենտրոն

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ – Հայաստան

Հանրային լրագրության ակումբ

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հկ

Գորիսի մամուլի ակումբ

«Ֆեմիդա» ՀԿ

Նմանատիպ նյութեր