«Հայաստանի դստեր» մտահոգությունը
Թբիլիսիում դեռևս ընթանում էր Եվրոպայի մինչև 17 տարեկան աղջիկների հանդբոլի առաջնությունը, իսկ Երևանում արդեն գիտեին, որ Հայաստանի << դուստր >> Աննա Մելքոնյանը եվրոպական հանձնաժողովում 30 հարցից բաղկացած թեստը գերազանց է հանձնել և ստացել է 96, 06 տոկոս գնահատական: Մինդեռ մինչև 75 տոկոսը անցողիկ է:
Մարզական ընտանիքում է ծնվել ՀԱՕԿ –ի աշխատակցուհի, գեղեցկատես Աննան: Մի քանի լեզուների լիարժեք տիրապետող աղջկա ծնողները ՝ Հարություն և Լիլիա Մելքոնյանները մեզանում հայտնի ձեռնագնդորդներ են եղել, երկար տարիներ հիմնական գրանցում են ունեցել Հայաստանի համապատասխան հավաքականներում ու հիմա նույնպես հայոց մարզաշխարհում են:
Նրանք դեմ չէին, եթե զավակները գնային իրենց հետքերով: Մայրիկից անբաժան Աննան գրեթե ամեն օր ներկա էր լինում կանանց թիմերի մարզումներին: Աղջնակն ինքն էլ հասակակիցների հետ վազվզել է մարզադահլիճում, խաղացել թռչկոտող գնդակի հետ, խելացի փոխանցումներ կատարել ու ստացել, գոլ հեղինակելով ուրախացել, բայց առաջատար խաղացող չի դարձել: Փոխարենը արդարամիտ աղջիկը խորացել է մրցավարությունում : Այնքան հստակ էր տիրապետում կանոններին, այնպես արագ էր կողմնորոշվում , որ 2016թ. Շվեդիայում, անգլերենով տեսական ու գործնական քննություններ է հանձնել և համալրել մարզաձևի եվրոպական ֆեդերացիայում աշխատող մրցավարական հանձնախումբը:
Աննան նաև ՀՀ հանդբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն է: Նրա հետ խոսեցինք մարզաձևի հայրենական դպրոցի մասին: Հրաշալի գիտե պատմությունը և երբեմնի լավ ավանդույթները:
Աննա Մելքոնյանը ափսոսանքով նշեց , որ հերթական անգամ Հայաստանը թիմ չներկայացրեց միջազգային պաշտոնական մրցաշարում: Պատվասեր ձեռնագնդորդները չեն ուզում ձախողվել, մանավանդ պարտվել տարածաշրջանի մրցակիցներին: Պատճառները շատ են: Գլխավորը, թերևս երկրում միջազգային չափերի խաղադաշտ չունենալն է / 44 24 մ. չափերի /: Փաստերով բազմիցս համոզվել ենք , որ փոքր դահլիճներին սովոր մեր թիմերը միջազգային մրցումներում , մրցակիցների դեմ պայքարի առաջին խաղակեսում կարողանում են լավ խաղալ ու ավելի հաճախ գլխավորում են հաշիվը: Իսկ ահա երկրորդ հատվածում , մասնավորապես խաղի վերջնափուլում մերոնք հոգնում , կորցնում են դիմացկանության որակները, խաղային ձեռագիրը, դադարում են կատարել տեխնիկատակտիկական գործողությունները ու պարտվում են, ավելի հաճախ ՝ խոշոր հաշիվներով: Իսկապես դա մեզ պատիվ չի բերում:
Ֆեդերացիայում հարցը մտահոգիչ է: ՍՄԱՐԹ ծրագրի շրջանակներում , գլխավոր քարտուղարի լավ աշխատանքի ու հետևողականության շնորհիվ եվրոպական ֆեդերացիայի մասնագետները Հայաստանում մրցավարական – մարզչական սեմինարներ են անցկացնում, տրամադրում են մարզագույք և այլն:
Հայաստանի բազմաթիվ մարզերի քաղաքներում / Երևան ,Վանաձոր, Ալավերդի,Գյումրի,Գավառ, Նոյեմբերյան, Ստեփանակերտ, Սիսիան, Քաջարան / գործող խմբերում ընդգրկված են հանդբոլ սիրող շուրջ երկու հազար հինգ հարյուր տղաներ և աղջիկներ: Իսկ ահա համապատասխան մարզադահլիճներ և մարզակումբներ երկրում չկան, բայց թիմային աշխատանք և միասնություն բովանդակող հանդբոլը կա:
Վերջում նշենք, որ թբիլիսյան ստուգատեսում մրցանակային եռյակում տեղ գտան հաջորդաբար Հոլանդիայի, Սերբիայի և Ֆարերյան կղզիների թիմերը: