211652_close_icon
views-count4351 դիտում article-date 10:49 17-08-2021

Ինչ ազդեցություն կունենան Աֆղանստանում տեղի ունեցող գործընթացները Հայաստանի վրա․ մանրամասնում է փորձագետը

Այս պահին Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ առաջնահերթ և անմիջական անհանգստություն Հայաստանի Հանրապետության համար չկա, քանի որ հայ խաղաղապահ զորախումբը դեռ այս տարվա մարտի սկզբին է ավարտել իր ծառայությունը Աֆղանստանում, իսկ ՀՀ քաղաքացիներ այդ երկրում պաշտոնական տվյալներով չկան: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տարածաշրջանային հարցերի վերլուծաբան, արևելագետ Արմեն Պետրոսյանը:

Այդուհանդերձ, վերլուծաբանի կարծիքով, աֆղանստանյան զարգացումները, որ վերջին մի քանի օրերին դարձել են միջազգային լրահոսի թիվ 1 թեման, ուշագրավ են նաև Հայաստանի շահերի և անվտանգության տեսանկյունից:

«Հնարավոր է, որ Աֆղանստանում տեղի ունեցող գործընթացները որոշակի առումով ազդեն նաև Հայաստանի վրա: Ինչո՞ւ: Նախ, ինչպես արդեն հայտարարվել է՝ Տաջիկստան-Աֆղանստան սահմանին իրավիճակի վատթարացման պարագայում իր կանոնադրությունից բխող որոշակի գործողություններ կարող է իրականացնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը: Եվ Հայաստանը, հանդիսանալով այդ կազմակերպության անդամ, պարզապես չի կարող անմասն մնալ նման գործողություններից», - բացատրեց Արմեն Պետրոսյանը:

Նմանատիպ նյութեր