211652_close_icon

Ո՞վ ավելի բարձր կբղավի՝ «հողատու» կամ «թալանչի»․ «Առավոտ»

views-count2418 դիտում article-date 10:54 14-08-2021
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Իսրայելցի հանրաճանաչ պատմաբան եւ քաղաքագետ Յուվալ Հարարիին իր դասախոսություններից մեկի ժամանակ դահլիճից հարցնում են՝ «ի՞նչ կարծիք ունեք «հետճշմարտություն» (post truth) դարաշրջանի մասին»: Հարարին պատասխանում է մոտավորավորապես այսպես. «Ձեր հարցից կարելի է ենթադրել, որ մարդկությունը երբեւէ ապրել է ճշմարտության դարաշրջանում»:

Ըստ այդ հետազոտողի՝ մարդիկ, տասնյակ հազարավոր տարիներ առաջ առանձնանալով կենդանական աշխարհից, սկսել են իրար ինչ-որ պատմություններ պատմել՝ դրանք կարող են լինել կրոնական, գաղափարախոսական, դիցաբանական, ազգային եւ այլ բնույթի, եւ ամենեւին պարտադիր չէ, որ արտացոլեն իրականությունը: Այդ պատմությունները կարեւոր են մարդկանց համար, որովհետեւ միավորում են նրանց, դրդում միասնական գործողությունների: Օրինակ, հենց Հարարիի պետության ձեւավորման համար վճռական նշանակություն ունեցավ 19-րդ դարի Եվրոպայում տարածված ազգայնական «խոսույթը» (դիսկուրսը), որն իր ժողովրդի համար «տեղայնացրեց» Թեոդոր Հերցլը: (Ի դեպ, մեր Միքայել Նալբանդյանին ես նույնպես ազգայնական մտածող եմ համարում, բայց նրա գաղափարները մենք պաշտաճ կերպով չենք ուսումնասիրել):

«Հետճշմարտությունը», եթե կարճ ձեւակերպենք, այնպիսի մի իրավիճակ է, երբ այն, ինչ ասվում է իրականության մասին, ավելի կարեւոր է, քան բուն իրականությունը: Եվ այդ առումով կարելի է համաձայնել Հարարիի հետ՝ միշտ էլ այսպես էր: «Խոսույթները», պատմությունները չեն կարող լինել «ճիշտ» կամ «սխալ»՝ դրանք կարող են լիներ մանր եւ մեծ, մակերեսային եւ խորքային, օգտակար եւ վնասակար: Այսօրվա Հայաստանում դրանք մանր են, մակերեսային եւ վնասակար:

Այժմ մեր երկրում առավել լայն տարածում են գտել երկու տիպի պատմություններ, որոնք իրենց արտացոլումն են գտել ներկայիս Ազգային ժողովի կազմում: Առաջինը ձեւավորվել է 2018 թվականի հեղափոխության ժամանակ (եւ, բնականաբար, նախապատրաստվել է դրանից առաջ) եւ կոչվում է «դուք թալանչի եք»: Դա «նիկոլական» խոսույթն է, որի հետեւից գնում է ավելի քան 600 հազար քաղաքացի»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր