211652_close_icon
views-count1896 դիտում article-date 18:17 11-08-2021

Ի՞նչն է համախմբում հայերին, վրացիների և հնդիկներին Մհեր Մկրտչյանի անվան շուրջ. «Մոսկվա» կինոթատրոնում կներկայացվի «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմը

Լեգենդար դերասան Մհեր Մկրտչյանի մահվանից տարիներ անց, նրա հիշատակը շարունակում է համախմբել տարբեր ազգերի կինոսիրահարներին։
 
Հանդիսատեսին և հեռուստադիտողին զարմացրած հայ դերասանին հիշում են ոչ միայն Հայաստանում և նախկին ԽՍՀՄ տարացքում, այլ հեռավոր Ասիաում ևս։ 

 Հնդկական երկու ֆիլմերում հրաշալի դերերը Մհեր Մկրտտչյանին անմահացրեցին հնդիկ հանդիսատեսի հիշողության մեջ։ Այնտեղ նրան հիշում են ոչ միայն հայտնի կինոաստղեր, որոնք նրա հետ նկարահնվել են ֆիլմերում, այլ նաև հասարակ քազաքացիներ, ովքեր մինչ օրս հիացած են նրա բնական տաղանդով։ 

«Ալի Բաբան և 40 ավազակները» ֆիլմի գրանցած հաջողությունից հետո «Մուստաֆա» անունը մինչ օրս Հնդկաստանում ասոսացվում է նրա հետ։ 

Օգոստոսի 14-ին, ժամը 19:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում կներկայացվի «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմը:

Ֆիլմը ստեղծվել է «Հայ-հնդկական բարեկամություն» հասարակական կազմակերպության (ՀԿ) և «Վրաստանի և Հնդկաստանի մշակութային պալատ»-ի կողմից՝ ՀԿ-ի համահիմնադիր-նախագահ Ռանանջայ Անանդի և Պալատի համահիմնադիր Դավիթ Բեժիտաշվիլիի համատեղ ջանքերով:
«Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ն, շուրջ 10 տարի գործելով հայ-հնդկական հարաբերությունների խաչմերուկում, մշտապես կարևորել է երկու երկրների բարձր մակարդակով ներկայացումը ամենատարբեր հարթակներում և ամենատարբեր ոլորտներում:

Կազմակերպության գործունեությունն ուղղված է երկու երկրների միջև մշակութային, կրթական, գիտական, առևտրային և այլ ոլորտների կապերի զարգացմանը, ինչպես նաև հայերի և հնդիկների միջև եղած քաղաքակրթական և մշակութային կապերի ամրապնդմանը: 
Կազմակերպության հիմնադրումից ի վեր մի քանի տասնյակ միջոցառումներ են կազմակերպվել, որոնց մեծ մասն իրականացվել է երկու երկրների պետական (նախարարություն, դեսպանատուն) աջակցությամբ:

Վավերագրական ֆիլմում հեղինակներն անդրադարձել են Մհեր Մկրտչյանի՝ հնդկական ֆիլմերում ունեցած դերակատարումներին: Ֆիլմը մեզ հնարավորություն կտա արտիստին ճանաչել նաև այլ տեսանկյունից: Կներկայացվեն այնպիսի փաստեր և դրվագներ, որոնց մասին դեռ երբևէ չի խոսվել: Կցուցադրվեն յուրահատուկ կադրեր նկարահանման հրապարակից, ինչպես նաև «Ալի Բաբան և 40 ավազակները» և «Սոհնի Մահիվալ» (Սիրո լեգենդ) հնդկական երկու ֆիլմերի  լավագույն դրվագները՝ Մհեր Մկրտչյանի մասնակցությամբ։

Ֆիլմում օգտագործվել են նաև Դավիթ Բեժիտաշվիլիի անձնական արխիվից ստացված եզակի տեսաերիզներ, որոնցում Մհեր Մկրտչյանին հիշում են նրա խաղընկերները։ Կլինեն բացառիկ հարցազրույցներ հայկական,  հնդկական և վրացական կինոյի հայտնի լեգենդների հետ։

Այս վավերագրական ֆիլմում հանդիսատեսը կարող է լսել հետաքրքիր պատմություններ, որոնք տեղի են ունեցել Հնդկաստանում Ֆրունզիկի այնտեղ գտնվելու ժամանակ։ 

Ֆիլմը ցուցադրվելու է հայերեն ու ռուսերեն լեզուներով և անգլերեն ենթագրերով:
Այն կուղեկցվի հայկական երաժշտության կենդանի լեգենդ, մեծ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի անզուգական ստեղծագործությամբ։

Ֆիլմի սցենարիստն է Շուշանիկ Սահակյանը, ռեժիսորը Օթար Միքելաձեն։
Ֆիլմը նվիրվում է Հնդկաստանի անկախության ձեռք բերման 75 և «Հայ-հնդկական բարեկամություն» հասարակական կազմակերպության հիմնադրման 10 ամյակներին:

Ծրագիրն իրականացվում է Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան աջակցությամբ:

Շնորհանդեսին ներկա են գտնվելու մի շարք պետական ու հասարակական գործիչներ, օտար երկրների դիվանագիտական  ծառայությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև պետական այցով Հայաստանում գտնվող Հնդկաստանի մշակութային կապերի խորհուրդի նախագահ Պրն․Վինայ Սահասրաբուդհեն։

Մուտքն ազատ է հանրության համար։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր