211652_close_icon
views-count3490 դիտում article-date 09:40 17-03-2026

Սյունիքում զբոսաշրջիկների ավտոբուսը մերկասառույցի պատճառով փակել է ճանապարհը․ քաղաքացիները դժգոհում են՝ ասելով․ «2 ժամ է ոչ փրկարար կա, ոչ ճանշին․ զգացինք՝ միայն պարեկներն են մտահոգ, իսկ մարզի թիվ մեկ փրկարարը ավելի շատ «Թութութու Լավա» է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 17-ին, SHAMSHYAN.com-ը քաղաքացիներից ահազանգեր է ստացել, ովքեր իրենց զայրույթն էին ուղղում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ, Սյունիքում ավելի շատ հայտնի «շոումեն, տիկտոկեր» Դավիթ Հովհաննիսյանի հասցեին։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին.

«Սիսիանի ճանապարհն ամբողջությամբ մերկասառույց է, ինչի պատճառով էլ տուրիստական ավտոբուսը, որում եղել են մեծ թվով զբոսաշրջիկներ, դուրս է եկել երթևեկելի գոտուց և ամբողջությամբ փակել գլխավոր ճանապարհը։ Երկու ժամ է ոչ ճանապարհն սպասարկող ընկերությունից, ոչ էլ փրկարարներից մարդ չկա։ Մի քանի անգամ զանգահարել ենք այդ կառույցներին, սակայն քար անտարբերություն։ Հետո էլ ասում են՝ Սյունիքում փրկարարները ամեն վայրկյան նման իրավիճակներում հայտնված քաղաքացիների կողքին են։ Եթե այսպես են հայտնվելու՝ 2 ժամ, էն էլ գան, թե չգան, ուրեմն էդ փրկարարական վարչության պետը իրավունք չունի կոչվելու փրկարար, իսկ ճանշինի հաշվով էլ պիտի զբաղվի վերադասը։

Միայն մեզ օգնության են հասել Սիսիանի, Գորիսի պարեկները, բայց դե նրանք չունեն այն տեխնիկան, որ կարողանան մեքենան ուղղեն։ Բայց որ արդեն պարեկները կողքիդ են, դա արդեն իսկ քեզ մոտ հավատ է ներշնչում, որ հեսա ճանապարհը կբացվի։ Բայց էլի ենք ասում, նախ ճանշինը ժամանակին պիտի աղ ու ավազով մշակեր ճանապարհը, և երկրորդ, փրկարարները շատ արագ պիտի գային օգնության։ 

Այս պարագայում փրկարարները իրենց վարչության պետի հետ երևի զբաղված են սուտ տեսանյութեր տարածելով տիկտոկում, քանի որ էդ փրկարարական վարչության պետը շատ դեպքերում չի էլ լինում դեպքի վայրերում, անգամ աշխատանքային օրերին կարող է լինել Երևանում, բայց վերադասին սուտ տեղեկություններ տա, թե ինքը մարզում է։ Նա այսօր ավելի շատ դարձել է «Թութութու Լավա»-ի ու մի քանի տիկտոկերների հետ գործընկեր, քան իրականում մարդ է փրկում։

Ուզում ենք Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հետևողական լինեն և Սյունիքի մարզի շոումեն փրկարարական վարչության պետին հիշեցնեն, որ ինքը մարզի թիվ մեկ փրկարարն է և առաջինը ինքը պետք է իր թիմով լինի փրկության կարիք ունեցող քաղաքացիների կողքին։ 

Իսկ այսօր թե՛ նրա, թե՛ ճանշինի պատճառով հայտնվել ենք անելանելի վիճակում։ Միայն զգացինք, որ էս մարզում պարեկն է կանգնած քաղաքացու կողքին»։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր