Հայաստանն ու Վրաստանը քննարկում են արագընթաց գնացքի գործարկման հնարավորությունը, որը թույլ կտա Երևանից Թբիլիսի հասնել 2-3 ժամվա ընթացքում․ նախարար
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Վրաստան կատարած այցիս շրջանակում հուլիսի 29-ին հանդիպել եմ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթելա Տուրնավայի հետ։
Մեր երկրներն առանձին համեմատաբար փոքր շուկաներ ունեն, բայց միասին շատ ավելի գրավիչ կարող են դառնալ տարածաշրջանում։ Այս համատեքստում քննարկել ենք մի շարք համատեղ նախագծեր ենթակառուցվածքների, զբոսաշրջության, երկաթուղու եւ էներգետիկայի ոլորտներում։
Խոսել ենք արագընթաց գնացքի գործարկման հնարավորության մասին, որը թույլ կտա Երեւանից Թբիլիսի հասնել 2-3 ժամվա ընթացքում, ինչի արդյունքում կզարգանա զբոսաշրջությունը։ Անդրադարձել ենք նաեւ մեր երկրների միջեւ գինեգործական տուրիզմի զարգացման հեռանկարներին։
Այցիս շրջանակում հուլիսի 30-ին հանդիպել եմ նաեւ փոխվարչապետ-բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի եւ Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեի հետ։
Վրացի գործընկերներիս հետ քննարկել ենք տարածաշրջանային համագործակցության, Վրաստանի տարածքով տարանցիկ փոխադրումների հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ անդրադարձել գյուղատնտեսության բնագավառում համագործակցության հնարավորություններին»։