211652_close_icon
views-count3002 դիտում article-date 23:52 11-07-2021

Դատական ակտը լիարժեք բավարար հիմք է, որպեսզի ԲԴԽ նախագահն անարգել շարունակի իր պաշտոնավարումը. Գևորգ Դանիելյան. Armdaily.am

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի լիազորությունների կասեցման համար հիմք հանդիսացած՝ մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը դատական կարգով ճանաչվել է անօրինական և անհիմն։ Այս իրավիճակից օրինական ելք երաշխավորելու փոխարեն, նախապատվությունը տրվեց իրավագիտությունից հեռու իրավաքաղաքական հերթական քաոսին։ Այս առնչությամբ Armdaily.am-ի հարցերին պատասխանելու պատրաստակամություն հայտնեց այդ մարմնի ձևավորման ակունքներում կանգնած իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ ամբիոնի վարիչ Գևորգ Դանիելյանը։

-Պարոն Դանիելյան, նախ, վիճահարույց է համարվում այն, թե բողոքարկման ենթակա դատական ակտը կարող է ուժի մեջ մտած համարվել, թե՝ ոչ։
-Ձեր հարցադրումը խորը տարակուսանք է առաջացնում, դա վկայում է այն աններելի խոցելի իրավագիտակցության մասին, որում ոչ միայն հայտնվել են մասնավոր անձինք, այլև ողջ պետական համակարգը։ Տարրական հարց է. ուժի մեջ մտած ցանկացած իրավական ակտ, իսկ դատական ակտը (այն ուժի մեջ է մտել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով)՝ առավել ևս, ենթակա է կատարման, իսկ բողոքարկումը կարող էր ունենալ որևէ իրավական արժեք, եթե օրենքով նախատեսված լիներ դատական ակտը կասեցնելու հիմք, մինչդեռ՝ այդպիսի հիմք չկա և Սահմանադրության համատեքստում՝ չէր էլ կարող լինել։
Քրեական դատավարությունը նախատեսել է դատական ակտի կասեցման միայն այնպիսի հիմքեր, որոնց արդյունքում վտանգվում է անձի իրավունքների պաշտպանությունը կամ դատական ակտը դեռևս ուժի մեջ չի մտել, հակառակ միտում ուղղակի չեք հանդիպի։ Օրինակ՝ 383֊րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, օրինական ուժի մեջ չմտած դատական ակտի բողոքարկումը կասեցնում է դրա օրինական ուժի մեջ մտնելը։ Մեկ այլ՝ 314.3. հոդվածի 3-րդ մասի համաձայն, դատական տուգանք կիրառելու մասին դատարանի որոշման բողոքարկումը կասեցնում է դրա կատարումը։
Այսպիսով, խնդրո առարկա դատական ակտն ուժի մեջ է կայացման, ոչ թե հրապարակման պահից, իսկ վերջինիս գործողությունը չի կարող կասեցվել։

-Հաջորդ խնդրահարույց հարցն այն է, թե կոնկրետ ի՞նչ հետևանքներ կարող է առաջացնել նշված դատական ակտը, մասնավորապես, խոսվում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից համապատասխան որոշում կայացնելու մասին։
-Այս կարգի դատողությունները ևս թելադրված են հայրենական իրավական մշակույթի ձևախեղումներով։ Նախ, դատական ակտի կատարումը, դրա իրավական հետևանքների վրա հասնելը չեն կարող կախվածության մեջ դրվել որևէ պետական մարմնի հայեցողական լիազորության իրացումից։
Արտաքուստ, սոսկ մակերեսային ընկալման պարագայում կարող է այն թյուր հարցադրումը ծագել, թե ինչպե՞ս կարող է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի լիազորությունները կասեցնելու մասին որոշման առկայության պարագայում սոսկ դատական ակտի հիմքով նշված կոլեգիալ մարմնի նախագահի պաշտոնավարումը իրավունքի ուժով դիտարկել վերականգնված, մինչդեռ՝ վերջապես, հարկ է ելակետ ընդունել այն, որ իրավահարաբերությունների ծագման հիմք է ոչ միայն իրավական ակտը, այլև իրավաբանական փաստը։
Խնդրո առարկա Բարձրագույն դատական խորհրդի որոշումը՝ վերը նշված դատական ակտի պարագայում, այլևս դադարել է գործել, քանի որ վերջինիս գործելու համար ոչ թե նախատեսված է անսահմանափակ ժամկետ, այլ կոնկրետ իրավաբանական փաստի վրա հասնելու պահը, այն է՝ մինչև քրեական գործով վարույթի ավարտը, ինչը նախատեսված է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 1-ին մասով։ Նկատի ունեցեք նաև, որ նույն իրավանորմի համաձայն, լիազորությունների կասեցման հիմքը բացառապես քրեական հետապնդում հարուցելն է, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 18-րդ մասի համաձայն, քրեական հետապնդումը հենց անձին մեղադրյալ ներգրավելու մասին որոշումն է, որն արդեն գոյություն չունի։
Այսպիսով, դատական ակտն ինքնին լիարժեք բավարար հիմք է, որպեսզի Բարձրագույն դատական խորհրդի նախագահն անարգել շարունակի իր պաշտոնավարումը։ Բարձրագույն դատական խորհուրդը լավագույն դեպքում, որպես ոչ իրավական, բայց ստեղծված հակասական իրավիճակով պայմանավորված, կարող է աշխատանքային կարգով քննարկել հարցը և հանդես գալ նախագահի լիազորությունները վերականգնված լինելու մասին հայտարարությամբ։

Նմանատիպ նյութեր