211652_close_icon
views-count1481 դիտում article-date 13:58 30-04-2021

2018-ին Նիկոլ Փաշինյանն էր ասում, թե վարչապետը հրաժարականից հետո չի կարող պաշտոնավարել․ վարչապետի պաշտոնավարումը դադարեցնելը երբեք չի կարող առաջացնել իշխանության վակուում․ Գևորգ Դանիելյան. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իշխանությունները փաստարկներ են բերում, թե չեն կարող ստեղծել իշխանության վակուում, դրա համար Նիկոլ Փաշինյանը պետք է շարունակի պաշտոնավարել․ վարչապետի պաշտոնավարումը դադարեցնելը երբեք չի կարող առաջացնել իշխանության վակուում, որովհետև գործող սահմանադրական մարմինը ոչ թե վարչապետն է, այլ Կառավարությունը։ Այս մասին «Վարչապետի հրաժարականով պայմանավորված ԺՊ-ի սահմանադրականությունը» թեմայով քննարկմանը հայտարարեց իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, փոխանցում է Tert.am-ը։

«Երկրորդ՝ եթե ասում ենք՝ անհնարինության դեպքում փոխվարչապետն ամբողջ ծավալով է իրականացնում վարչապետի լիազորությունները՝ առանց որևէ վերապահման, ապա այստեղ այդ խնդիրը բարձրացնելն ուղղակի տեղին չէ»,- շարունակեց նա։

Վերջինս ներկայացրեց այն փաստարկները, որոնք նշում է իշխանությունը՝ պարզաբանելով Փաշինյանի պաշտոնավարման շարունակումը։

«Մատնանշվում է Սահմանադրության 158-րդ հոդվածը, ըստ որի՝ վարչապետի հրաժարականի դեպքում կառավարության անդամները շարունակում են պաշտոնավարել։ Ասում են՝ ամեն ինչ պարզ է՝ Կառավարության անդամ է համարվում նաև վարչապետը, հետևաբար կարող է պաշտոնավարել։ Նաև նշում են՝ Սահմանադրությունը չի արգելում, անգամ ասում են՝ վարչապետը բարոյական իրավունք ունի շարունակել պաշտոնավարել»,- ասաց նա, ապա ընդգծեց, որ «կառավարության անդամ» եզրույթը մեկնաբանում են միայն տառացի, ինչը ճիշտ չէ։

«Տառացի մեկնաբանությունը, ըստ էության, ուղղակի միջոց է, որ մենք կարողանանք բացահայտել սահմանադրի բուն նպատակը, բայց պետք է նկատի ունենալ, որ եզրույթները կենցաղում բոլորովին այլ նշանակություն ունեն, քան իրավագիտության մեջ։ «Կառավարության բոլոր անդամներ» եզրույթը տարբեր իմաստներով է օգտագործված։ Մի դեպքում կարող է օգտագործվել՝ նկատի ունենալով նաև վարչապետին, բայց բոլոր այն դեպքերում, երբ կա հրաժարական և թափուր պաշտոն, «կառավարության անդամ» եզրույթն ուղղակի չի կարող օգտագործվել»,-ասաց Դանիելյանը։

Անդրադառնալով 2018-ի ապրիլի 23-ի Սերժ Սարգսյանի հրաժարականին՝ Դանիելյանն ասաց, որ եթե զուտ ձևական-իրավական տեսանկյունից խնդրին մոտենանք, ապա օրենսդրությամբ սահմանված իմաստով հրաժարական չի եղել, եղել է հայտարարություն այդ մասին։ «Նաև՝ ներկայիս վարչապետն այդ ժամանակ հայտարարել է, որ իրավաբանները պնդել են, որ հրաժարականիր դեպքում չի կարող պաշտոնավարում լինել։ Բացի այդ, եթե ինչ-որ մեկի մտքով անցնում է սա գնահատել որպես ծայրահեղ անհրաժեշտություն, ես համարում եմ անհիմն։ Միջազգային փորձում եթե եղել են իրավիճակներ, որ պաշտոնավարումը շարունակել են, հաշվի են առել տվյալ իրավիճակը, երկրի հանրային շահերն ու այդ շահերին ծառայելու հնարավորությունը»,-ասաց Գևորգ Դանիելյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր