211652_close_icon
views-count2165 դիտում article-date 11:53 09-07-2021

Սահմանադրական դատարանը չունի նախագահ. Արման Դիլանյանի պաշտոնավարումն ապօրինի է. Էդգար Ղազարյան

2021 թվականի հուլիսի 9-ին ժամը 11․00-ին Սահմանադրական դատարանը բանավոր ընթացակարգով պետք է քննի հունիսի 20-ին տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքների բողոքարկման դիմումները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Դատավարության մասնակիցների և լրագրողների ուշադրությունն ուզում եմ հրավիրել այն փաստի վրա, որ Սահմանադրական դատարանը չունի նախագահ։

Արման Դիլանյանին ՍԴ նախագահ ընտրելու վերաբերյալ որոշում Սահմանադրական դատարանը չի կայացրել հետևաբար նրա պաշտոնավարումն այդ պաշտոնում ապօրինի է, ուստի և նա չի կարող նախագահել ՍԴ նիստերը։

Ասվածի իրավական հիմնավորումներից են, որ ՀՀ Սահմանադրության հոդված 170-ի 1-ին մասի համաձայն՝ «Սահմանադրական դատարանն ընդունում է որոշումներ և եզրակացություններ»։ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի հոդված 61-ի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանն իր գործունեության կազմակերպման հետ կապված հարցերով ընդունում է աշխատակարգային որոշումներ: Աշխատակարգային որոշումների ընդունման կարգի առանձնահատկությունները սահմանվում են Սահմանադրական դատարանի աշխատակարգով:

Չնայած այն հանգամանքի, որ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին հրավիրվել է ՍԴ հատուկ աշխատակարգային նիստ ՍԴ նախագահի ընտրության օրակարգով և կազմակերպվել է ՍԴ նախագահի ընտրություն (թեկնածության առաջադրում, հարցուպատասխան, մտքերի փոխանակում, քվեարկություն) ի վերջո, ՍԴ աշխատակարգային որոշում չի կայացվել Արման Դիլանյանին ՍԴ նախագահ ընտրելու վերաբերյալ։

Դրա պատճառները կարող են լինել այն, որ 1) մինչ օրս ՍԴ որոշում չի կայացվել Հրայր Թովմասյանի լիազորությունները ՍԴ նախագահի պաշտոնից դադարեցնելու վերաբերյալ (հարկ է նկատել, որ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են ՍԴ 2018 թվականի մարտի 20-ի «Գագիկ Գարուշի Հարությունյանի՝ 2018 թվականի մարտի 24-ից լիազորությունների դադարման արձանագրման մասին» թիվ ՍԴԱՈ-19 աշխատակարգային որոշմամբ),

2) ՍԴ նախագահի ընտրությունն անցկացվել է ՍԴ աշխատակարգի խախտմամբ, մասնավորապես, աշխատակարգի 11-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունը կատարվում է գաղտնի քվեարկությամբ, իսկ 2020 թվականի հոկտեմբերի 12-ի քվեարկության ժամանակ երկու դատավորներ քվեարկել են բաց, սակայն նիստը նախագահող դատավորը չի ընդհատել քվեարկությունը և նոր քվեարկություն չի կազմակերպել։

Հարկ է նկատել, որ Վոլոդյա Հովհաննիսյանը (ով ՍԴ փոխնախագահ է ընտրվել Սահմանադրական դատարանի կողմից, 2015 թվականի Սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո) պաշտոնը ստանձնել է «ՀՀ սահմանադրական դատարանի փոխնախագահ ընտրելու մասին» 10-ը ապրիլի 2018թ․ թիվ ՍԴԱՈ-25 աշխատակարգային որոշմամբ։

Այսպիսով, կրկին նշեմ, որ գոյություն չունի Արման Դիլանյանի՝ ՍԴ նախագահ ընտրվելու վերաբերյալ ՍԴ աշխատակարգային որոշում, հետևաբար նրա պաշտոնավարումը ՍԴ նախագահի պաշտոնում ապօրինի է, ուստի նա չի կարող նախագահել ՍԴ նիստերը, այդ թվում՝ 2021 թվականի հուլիսի 9-ին նշանակված բանավոր ընթացակարգով ՍԴ նիստը։

Տվյալ պարագայում նիստը կարող է նախագահել ՍԴ տարիքով ավագ դատավորը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր