211652_close_icon
views-count2357 դիտում article-date 10:45 09-07-2021

ՍԴ-ն ԿԸՀ որոշումը անվավեր ճանաչելու լիազորություն ունի, բայց մեր համոզմունքն է, որ առկա չեն պատշաճ հիմքեր․ Սուրեն Գրիգորյան. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Արդարադատության փոխնախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանն այսօր օրվա երկրորդ կեսին Սահմանադրական դատարան է ներկայացրել իրենց դիրքորոշումը՝ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ ներկայացված դիմումների մասին:

Վաղը ՍԴ-ում նախատեսված է «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների եւ «Զարթոնք» ու «Հայոց Հայրենիք» կուսակցությունների դիմումների հիման վրա միավորված գործով առաջին նիստը, եւ Սուրեն Գրիգորյանը, արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վահագն Հովակիմյանը դատարանում կներկայացնեն գործով 3-րդ անձ ներգրավված ՔՊ դիրքորոշումները: 

«Հայկական ժամանակը» մի քանի հարց ուղղեց Սուրեն Գրիգորյանին.

- Պարոն Գրիգորյան, ինչո՞ւ «Քաղաքացիական պայմանագիրը» որոշեց ներգրավվել Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների բողոքարկման գործով որպես 3-րդ անձ: Ընտրությունների արդյունքները արձանագրել է ԿԸՀ-ն եւ ներկայացված դիմումն էլ, ըստ էության ԿԸՀ դեմ է:

- «Քաղաքացիական պայմանագրի» ներգրավումը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի համապատասխան մասով նախատեսվում է, որ այն ուժերը, ում շահերը կարող է շոշափվել, որոնց շահերի վրա կայացված որոշումը տեսականորեն անգամ կարող է ազդեցություն ունենալ, կարող են ներգրավվել գործին: Հիմա քանի որ երկու կուսակցության եւ երկու դաշինքի կողմից ՍԴ-ում վիճարկվում է ԿԸՀ որոշումը եւ  իրենք խնդրում են այդ որոշումը անվավեր ճանաչել (այսինքն ըստ էության ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչել, իսկ ընտրությունների արդյունքներով ՔՊ-ն այնքան մանդատ է ստացել, որ կարողանա միայնակ ձեւավորել կառավարություն եւ կազմել մեծամասնություն ԱԺ-ում), բնական է որ կուսակցության շահերը կարող են շոշափվել: Այդ հանգամանքները հաշվի առնելով  ՔՊ-ն դիմել է Սահմանադրական դատարանին, Սահմանադրական դատարանն էլ ըստ էության համաձայնելով այս փաստարկներին՝ ՔՊ-ին ներգրավել է որպես երրորդ անձ: «Քաղաքացիական պայմանագրին» ներկայացնելու լիազորագիր ստացել է պարոն Բադասյանը, ստացել եմ ես եւ այսօր ՔՊ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանի կողմից նման լիազորագիր է տրվել նաեւ Վահագն Հովակիմյանին: «Սահամանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի համաձայն  գործին մասնակցող անձը կարող է ունենալ մինչեւ 3 ներկայացուցիչ:

- Երեկ մեր զրույցում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանն ասում էր, որ եթե պարզվի, որ  Արդարադատության նախարարն է ներկայացնում  «Քաղաքացիական պայմանագրին», ապա դա եւս կօգտագործվի որպես հիմք՝ վարչական ռեսուրսի չարաշահման իրավիճակը հաստատելու համար: Սա՞ նկատի ունեք՝ շահարկում ասելով:

- Ես ուղղակի պարոն Վարդեւանյանի խոսքը չեմ լսել, իր ասածի վերաբերյալ իմ դիրքորոշումը ներկայացնեմ այնքանով, որքանով դուք  մեջբերեցիք նրա խոսքը: Ասեմ հետեւյալը. նախ, կարծում եմ, պարոն Վարդեւանյանը որպես իրավաբան պետք է վկայակոչի, թե որն է այն իրավական հիմքը, որն արգելում է Արդարադատության նախարարին կամ տեղակալին՝ տվյալ դեպքում ինձ, ովքեր գտնվում են արձակուրդում, իրականացնել ներկայացուցչություն: Սա մեկ: Երկրորդը՝ շատ հետաքրքիր կլինի հասկանալ, թե ինչպես է, որ 2013 թվականին Դավիթ Հարությունյանն ու Հրայր Թովմասյանը հնարավորություն ունեցել են երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչը լինել՝ լինելով համապատասխան պաշտոններում, իսկ մեզ չի կարելի: Եթե չեմ սխալվում՝ նրանցից մեկն այդ ժամանակ  զբաղեցնում էր արդարադատության նախարարի պաշտոնը: Այդ ի՞նչ օրենսդրական փոփոխություններ  են եղել, որ 2013-ին նույն բանը կարելի էր, 2021-ին՝ ոչ: Եվ վերջինը՝ ճիշտն ասած շատ հետաքրքիր է պարոն Վարդեւանյանի դիրքորոշումը՝ վարչական ռեսուրսի չարաշահման  տեսանկյունից: Նախ՝ ո՞րն է նման պնդման իրավական հիմքը, երկրորդ, մի քիչ դժվար եմ պատկերացնում՝ ինչպես է հնարավոր արդեն իսկ  ավարտված ընտրություններից հետո չարաշահել վարչական ռեսուրս: Մեղմ ասած մի քիչ տարօրինակ է, ճիշտն ասած այդ տեսանկյունից:

- Պարոն Գրիգորյան, ծանոթացե՞լ եք Սահմանադրական դատարան ներկայացված գործի նյութերին: Ինչպիսի՞ն է ձեր դիրքորոշումը:

- Նախ ասեմ, որ այո, ծանոթացել ենք, եւ շուրջ 10 րոպե առաջ ներկայացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դիրքորոշումը ներկայացված դիմումների վերաբերյալ: Իրատեսական չէ՝ հիմա  բոլոր ներկայացված փաստարկներին անդրադառնալը եւ ներկայացնելը, թե ինչ հակափաստարկներ ենք ներկայացրել: Ընդհանուր առմամբ  ասեմ, որ մեր կարծիքով բացարձակապես անհիմն դիմումներ են ներկայացվել, այսինքն հիմքեր՝ ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու համար ներկայցաված  դիրքորոշումների եւ ապացույցների շրջանակներում  համոզված ենք, որ չկա, բայց որոշումը բնականաբար  կայացնելու է Սահմանադրական դատարանը:

- Կարելի՞ է եզրակացնել, որ ձեր կարծիքով Սահմանադրական դատարանը չի բավարարի 2 դաշինքի, 2 կուսակցության կողմից ՍԴ ներկայացված դիմումը:

- Սահմանադրական դատարանը ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը անվավեր ճանաչելու լիազորություն ունի, բայց մեր համոզմունքն է, որ առկա չեն  պատշաճ հիմքեր՝ նման որոշում կայացնելու համար:

Հիշեցնենք, ԿԸՀ ամփոփ տվյալներով «Քաղաքացիական պայմանագիր»-ը արտահերթ ընտրություններում ստացել է 53.91, «Հայաստան» դաշինքը՝ 21.09, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22 տոկոս ձայն: 

Այս արդյունքների վիճարկման վերաբերյալ ՍԴ որոշումից է կախված նոր խորհրդարանի, հետեւաբար նաեւ Կառավարության ձեւավորումը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր