211652_close_icon
views-count100738 դիտում article-date 15:16 26-06-2021

Մահվան ելքով ավտովթար-վրաերթ՝ Երևանում. Nissan XTrail-ը բախվել է լիցքավորվող Nissan-ին, ապա վրաերթի ենթարկել 1 հոգու. վիրավորներից մեկը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 26-ին, ավտովթար և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ 

Ժամը 14։05-ի սահմաններում Nissan XTrail մակնիշի ավտոմեքենան Աճառյան փողոցում բախվել է «Ֆլեշ» բենզալցակայանի տարածքում լիցքավորվող Nissan Teana մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև Nissan XTrail-ը վրաերթի է ենթարկել բենզալցակայանի լիցքավորողին։

Վթար-վրաերթի հետևանքով 2 հոգու, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, «Ֆլեշ» բենզալցակայանի աշխատակիցները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ճանապարհին վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի տեսուչներ Էդգար Թադևոսյանն ու Արգիշտի Հարությունյանը։ 

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Խաչիկ Սամվելյանն ու Երևանի ՃՈ պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը։

Վթար-վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մաշչյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի  և վիրավորի ինքնությունը։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նաև ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ ավագ տեսուչ Արտակ Սարգսյանի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր