211652_close_icon
views-count6567 դիտում article-date 18:01 18-06-2021

Հունիսի 17-ի դրությամբ ստացվել է առերևույթ ընտրական հանցագործությունների մասին 231 հաղորդում, հարուցվել է 14 քրեական գործ․ Դատախազություն

2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից ամփոփվել են ընտրական հանցավոր իրավախախտումների, ինչպես նաև ընտրությունների գործընթացին առնչվող առերևույթ հանցավոր այլ դրսևորւմների վերաբերյալ ստացված ահազանգերի, հաղորդումների և դրանցով իրականացված աշխատանքների միջանկյալ արդյունքները:

Մասնավորապես, հունիսի 18-ի ժամը 9.00-ի դրությամբ ստացվել է ընդհանուր 231 հաղորդում, ահազանգ: Դրանցից 76-ը ԶԼՄ հրապարակումներ են, 64-ը՝ ֆիզիկական անձանց կողմից տրված հաղորդումներ, այդ թվում՝ նաև ստացված ՀՀ դատախազության թեժ գծի միջոցով, 52-ը՝ սոցիալական ցանցերում օգտատերերի կողմից կատարված գրառումներ, 39-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներ:  

Ստացված առերևույթ հանցավոր իրավախախտումների մասին հաղորդումներից և ահազանգերից՝ 

118-ը վերաբերում է ընտրակաշառք տալուն, ստանալուն կամ ընտրակաշառքի միջնորդությանը (ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդված),

44-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդված),

30-ը՝ քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն կամ խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդված),

25-ը՝ ընտրական քարոզչության և նման բնույթի այլ պաստառների հետ կապված գույքային վնասներ հասցնելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդված)

14-ը՝ այլ (ՀՀ քրեական օրենսգրքի 177, 137, 118, 164-րդ և 308-րդ հոդվածներ):

Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 152 հաղորդում, որոնք բնույթով եղել են վերացական և ընդհանրական, ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ դրանցով անհրաժեշտ ստուգողական գործողություններ կատարելու համար: Իրականացված օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում նշվածներից 41-ում առկատեղեկությունները չեն հաստատվել և թողնվել են անհետևանք, իսկ 111-ով ստուգողական գործողությունները շարունակվում են:

Իսկ 229 հաղորդումներից 78-ն ուղարկվել են հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով: Արդյունքում դրանցից 16-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 49-ով նյութերի նախապատրաստման գործընթացը շարունակվում է, իսկ 14 դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր:

Մասնավորապես՝ քրեական գործերից

8-ը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ, 154.9-րդ, 34-154.2-րդ հոդվածների տարբեր մասերով, 

2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի տարբեր մասերով

1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով

3-ը՝ կապված պաստառների վնասման հետ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով:

Նշված քրեական գործերից 4-ով 13 անձի առաջադրվել են մեղադրանքներ, որոնցից 7-ին՝ ընտրակաշառք վերցնելու, 6-ին ընտրակաշառք տալու և ընտրակաշառք տալու փորձի համար, 2 անձ ունի կասկածյալի կարգավիճակ, որոցից մեկը՝ ընտրակաշառք ստանալու, մեկը՝ ընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու և մասնակցելուն խոչընդոտելու կասկածանքով: 5 անձ կալանավորվել է:

ՀՀ գլխավոր դատախազություն ստացվել են նաև ընտրություններին և ընտրական իրավունքին վերաբերող 18 այլ դիմումներ, որոնք, սակայն, ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության մասին տվյալներ չեն պարունակել:

Դրանց կապակցությամբ դիմողներին պատշաճ կերպով տրվել են պարզաբանումներ, առանձին դեպքերում դիմումն ուղարկվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկմանը:

Նմանատիպ նյութեր