211652_close_icon
views-count1216 դիտում article-date 15:14 18-06-2021

Չմասնակցելը՝ դասալքություն է, Նիկոլի դեմ չքվեարկելը՝ հանցակցություն, «Հայաստանի» օգտին քվեարկելը՝ ցանկություն

Չմասնակցելը՝ դասալքություն է, Նիկոլի դեմ չքվեարկելը՝ հանցակցություն, «Հայաստանի» օգտին քվեարկելը՝ ցանկություն
——————————
Քվեարկությանը մնացել է հաշված ժամեր։ Կարելի է արդեն ամփոփել, որոշ գնահատականներ տալ, կոչ անել, պահանջել, խնդրել։

Ինքս «Հայաստան» դաշինքի ցուցակով եմ մասնակցում ընտրություններին, բայց կոչ չեմ անի քվեարկել մեր դաշինքի օգտին։ Դա շատ պարզունակ կոչ կլիներ։ Ինքնին հասկանալի է, որ եթե այդ դաշինքի ցուցակում եմ, ուրեմն ցանկանում եմ, որ ընտրողն իր քվեն տա մեզ։ Քվեն տա, որ կարողանանք սրանց հեռացնել ու կանգնեցնել գահավիժումը։
Ինձ համար կարևորը մեր ուժի տնօրինելիք պատգամավորական մանդատների քանակը չէ։ Խնդիրը մեր երկիրը չդադարող պարտության ճիրաններից ազատելն է, այլապես ճգնաժամը խորանալու է, մարտահրավերները շատանալու են, պետությունը չի հանգստանալու, դժոխքը շարունակվելու է։

Քարոզարշավը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանի միակ հույսը եղբայրասպան պատերազմն է, դասակարգային պայքարը, քաղաքացիական բախումները, քաղաքական ճգնաժամի խորացումը, որոնց պետք է, ըստ իր պլանի, նախորդի ընտրակեղծիքը։

Նիկոլը, բոլշևիկների պես, առաջարկում է ազգային–պետական պայքարը փոխարինել քաղաքացիական ընդհարումներով։ Նա «հպարտ» քաղաքացուն քարոզում է, որ քո թշնամին ոչ թե Արցախը ռմբակոծող ու Հայաստանի տարածք մտնող ադրբեջանցին է կամ Ալիևին «Բայրաքթարներ» մատակարարող թուրքը, այլ քո հարևանը, որն ավելի լավ է ապրում, քան դու։

Նիկոլը հայաստանցի–ղարաբաղցի հակադրության քարոզից հետո անցել է հայաստանցի–սյունեցի հակադրություն սերմանելուն։ Եթե հայության դեմ ուղղված այս դիվերսիան չկանգնեցնենք, ապա նա արդեն կանցնի հայաստանցի–իջևանցի, հայաստանցի–վարդենիսցի հակադրություն քարոզելուն ու վերջում ադրբեջանցիներին Սև լճից կբերի մինչև Երևանյան լիճ։

Նիկոլը նոր մարտի 1–ի է պատրաստվում։ Նա վախից մուրճը ձեռքն է վերցրել ու կրկին արյուն է ուզում։ Մինչդեռ Հայաստանին համերաշխություն, հանդարտություն, կայունություն և աշխատանքային մթնոլորտ է պետք։

Իմ կոչն է՝ անպայման մասնակցել ընտրություններին։ Ընտրություններին չմասնակցելը քաղաքական դասալքություն է։
Ակնհայտ է, որ նիկոլական խունտայի հիմնական մրցակիցը «Հայաստան» դաշինքն է։ Իսկ դա նշանակում է, որ նա ով ցանկանում է հեռացնել Նիկոլին, պետք է իր քվեն տա «Հայաստանին», որ չփոշիացնի իր քվեն։
Իսկ եթե ուզում եք հեռացնել կապիտուլյացիայի խորհրդանիշին, բայց ինչ–ինչ պատճառներով չեք ուզում նաև ձեր քվեն տալ «Հայաստանին», ապա գոնե քվեարկեք այն ուժերից մեկի օգտին, որը ձեր համոզմամբ ունի ԱԺ անցնելու պոտենցիալ ու չի համագործակցի ՔՊ–ի հետ։
Մի խոսքով, պետք է քվեարկել Նիկոլի դեմ ու հանուն Հայաստանի անվտանգության, առաջընթացի։

Նիկոլի դեմ չքվեարկելը հանցակցություն է։ Հազարավոր զոհերի, Արցախի կորցրած պետականության, Հայաստանի անկախությունը հարցականի տակ դնելու գործում հանցակցություն։

Սա հասարակ ընտրություն չէ։ Սա ջրբաժանային ու հանգրվանային ընտրություն է։ Այն կարող է փակել մի ամբողջ «դարաշրջան», կարող է բացել նորը՝ խաղաղը, պաշտպանվածը, արժանապատիվը, զարգացողը։
Քվեարկե՛ք, որ ամեն ինչ լավ լինի։

Հ․Գ․։ Եվ վերջում մի խնդրանք՝ մասնակցեք այսօր Երևանում, Հանրապետության հրապարակում ժամը 19։00–ին կայանալիք «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանրահավաքին։ Կհանդիպենք։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր