211652_close_icon
views-count2373 դիտում article-date 18:38 15-06-2021

Ներկայացել է լրագրող, զորամասում ծառայող զինվորին գումար փոխանցելու պատրվակով մարդկանցից հափշտակել է 2,7 մլն դրամ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական համալիր աշխատանքների արդյունքում պարզվել են խարդախության, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու դեպքերի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 30-ամյա տղամարդը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խարդախության եղանակով, 2020-2021թթ. ընթացքում տարբեր հեռախոսահամարներով հեռախոսակապ հաստատելով տարբեր մարզերում բնակվող 3 տասնյակից ավել քաղաքացիների հետ, ներկայանալով որպես լրագրող, զորամասում ծառայող զինվորին գումար փոխանցելու պատրվակով և իր կողմից այն վերադարձնելու պայմանով, հավատ ու վստահություն ներշնչելով, նրանցից հափշտակել է ընդհանուր՝ խոշոր չափերով՝ 2.710.000 ՀՀ դրամ գումար, որից հետո այն փոխանցել է այլ ընկերությունների հաշիվների՝ նպատակ ունենալով թաքցնել հափշտակված գումարների հանցավոր ծագումն ու տեղաշարժը:

Բացի այդ, 30-ամյա տղամարդը «List.am» կայքում հայտնաբերելով գյուղատնտեսական տեխնիկա վաճառելու վերաբերյալ Շիրակի մարզի բնակչի հայտարարությունը, հետազոտելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել վերջինիս հետ, որից հետո 2020թ. հունիսի 26-ին գնացել է Շիրակի մարզի Մարմաշեն գյուղ, որտեղ գումարը մաս-մաս վճարելու պայմանով, վստահությունը չարաշահելու եղանակով, խարդախությամբ հափշտակել է վերջինիս պատկանող, խոշոր չափերի՝ ընդհանուր 1.700.000 ՀՀ դրամ արժողության գույքը, որը նույն օրը 1.000.000 ՀՀ դրամ գումարի դիմաց վաճառել է մեկ այլ անձի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել 30-ամյա տղամարդուն ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 190-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որի կատարումը հանձնարարվել է հետաքննական մարմնին։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցավոր խմբի գործողություններից տուժած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, տուժողների վնասի վերականգնման և առերևույթ հանցագործություններին առնչություն ունեցող այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Նմանատիպ նյութեր