211652_close_icon
views-count2580 դիտում article-date 18:30 10-06-2021

«ԵրազԱրտ» պղնձյա և փայտյա փողային գործիքների ծրագրին այս տարի մասնակցել է 14 սան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի «ԵրազԱրտ» ամառային երաժշտական դպրոցն այս տարի անցկացվել է հունիսի 4-9-ը։

Ամենամյա երաժշտական դպրոցն այս անգամ վարպետության դասեր է անցկացրել պղնձյա և փայտյա փողային երաժշտական գործիքներ նվագող (ֆլեյտա, հոբոյ, ֆագոտ, գալարափող, շեփոր, տրոմբոն, բաս տրոմբոն) տաղանդավոր երաժիշտների համար Մասնակից  պատանի  երաժիշտների հետ վարպետության դասեր են անցկացրել ոչ միայն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները, այլև հրավիրյալ մենակատարներ։

Մասնավորապես, դասընթացներ են անցկացրել Իտալիայից Պաոլո Ռիցուտոն (գալարափող, ՀԱՖՆ) և Ստեֆանո Ֆլայբանին (շեփոր),Իսպանիայից Խուան Պարդո Խիլը (տրոմբոն, ՀԱՖՆ), Նիդեռլանդներից Մատիաս Վարելան (բաս տրոմբոն), Հայաստանից Նարեկ Ավագյանը (ֆլեյտա, ՀԱՖՆ), Անդրանիկ Քոչարյանը (ֆագոտ, ՀԱՖՆ) և Հարություն Շախկյանը (հոբոյ, ՀԱՖՆ)։

Դասընթացներին մասնակցել են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները, Երևանի Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի, Սայաթ-Նովայի անվան,Ալ. Սպենդիարյանի անվան,Մոկացյանի անվան, Տիգրանյանի անվան, թիվ 13 մասնագիտական երաժշտական դպրոցների սաները: Նշենք, որ դասընթացներն անվճար են բոլոր մասնակիցների համար: Ընդհանուր առմամբ, այս տարի դասընթացներին մասնակցել է 14 պատանի երաժիշտ:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հունիսի 9-ին անցկացվեց մասնակիցների հաշվետու համերգը, որի ընթացքում պատանի երաժիշտները ցույց տվեցին իրենց ձեռք բերած հմտությունները:

«ԵրազԱրտ» ծրագրիի ղեկավար, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը շեշտում է, որ այս ծրագիրն աջակցում է Հայաստանի տաղանդավոր երիտասարդ երաժիշտներին, օժանդակում նրանց մասնագիտական զարգացմանը:

Նա ընդգծում է, որ «ԵրազԱրտ»-իշրջանակում ոչ միայն անցկացվում են վարպետության դասեր, այլև տրամադրվում են երաժշտական գործիքներ, կրթաթոշակներ. ծրագիրը նաև օգնում է երիտասարդ երաժիշտներին վարպետության դասերի մասնակցել Հայաստանում և արտերկրում:

«Այս դասընթացների միջոցով լավագույն մասնագետ-երաժիշտներն իրենց փորձով են կիսվում նոր սերնդի հետ և նոր գիտելիքներ փոխանցում նրանց: Նմանատիպ դասընթացներ անցկացվում են արդեն վեցերորդ տարին, և ծրագիրը գրանցում է բազում հաջողություններ՝ բացահայտելով և նպաստելով մեր երկրում տաղանդների զարգացմանը»,-նշում է Արման Պադարյանը:

«ԵրազԱրտ» ամառային երաժշտական դպրոցի 2-րդ մասը տեղի կունենա հուլիսին: Այս անգամ վարպետության դասեր և համերգ կկազմակերպվեն լարային գործիքներ, տավիղ և հարվածային գործիքներ նվագող տաղանդավոր երիտասարդ երաժիշտների համար:
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր