211652_close_icon
views-count1924 դիտում article-date 23:20 08-06-2021

Ընթանում է Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի առաջին փուլը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արամ Խաչատրյան համերգասրահում այս օրերին ընթանում է Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի առաջին փուլը։ Մրցույթն այս տարի տեղի է ունենում դիրիժորություն մասնագիտությամբ։ Մասնակիցները ցերեկային ժամերին փորձեր են անում մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, իսկ երեկոյան հանդես են գալիս ժյուրիի և ունկնդրի առջև։

Ելույթներն ուղիղ հեռարձակվում են Խաչատրյանի միջազգային մրցույթի պաշտոնական կայքով (https://khachaturian-competition.com/en)։

Առաջին փուլում դիրիժորները և նվագախումբը պարտադիր ծրագրում ներկայացնում են Արամ Խաչատրյանի, ինչպես նաև Տիգրան Մանսուրյանի՝ հատուկ մրցույթի համար գրված ստեղծագործությունները, և ընտրությամբ՝ Հայդնի, Մոցարտի կամ Բեթհովենի գործերից։

Մրցույթի մասնակիցներից է Էլայազ Բրաունը, նա Ամերիկայի Միացյալ Նահանգներից է։ Երաժիշտը նշում է, որ այս մրցույթին մասնակցությունն իր համար մեծ հնարավորություն է շփվելու տարբեր երկրներից ժամանած իր գործընկերների հետ, նոր երկացանկ սովորելու, ինչպես նաև հաղորդակցվելու Խաչատրյանի արվեստի հետ։ Երիտասարդ դիրիժորը նկատում է, որ մինչ այժմ հնարավորություն չի ունեցել ելույթ ունենալու Խաչատրյանի երաժշտությամբ, և հիմա կփորձի լավագույնս դա անել։ Նա նշում է, որ երկար տարիներ նվագել է շեփոր տարբեր նվագախմբերում և հանդիպելով հիանալի մի դիրիժորի՝ ցանկացել է վերջինիս նման ստեղծել գեղեցիկ երաժշտական միջավայր։

            Մրցույթի առաջին փուլը կշարունակվի մինչև հունիսի 9-ը։ Հունիսի 10-ին կմեկնարկի երկրորդ փուլը, որի ընթացքում մասնակիցները կպայքարեն խաչատրյանական ստուգատեսի հաղթողի կոչման համար։

Հիշեցնենք, որ Խաչատրյանի անվան մջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է։ Մրցույթի կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը։ Այն կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ՀՀ նախագահի ու նրա տիկնոջ բարձր հովանու ներքո։
 
«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ
 
 
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր