211652_close_icon
views-count2299 դիտում article-date 13:24 09-06-2016

Այսօր եզրափակվում է Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային մրցույթի առաջին փուլը

Հունիսի 9-ին եզրափակվում է Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային մրցույթի առաջին փուլը։ Այսօր երեկոյան ժյուրիի և հանդիսատեսի առջև հանդես կգան Հանկյոլ Յունը (Հարավային Կորեա), Տոսիֆումի Կանայը (Ճապոնիա), Միրան Վոպոտիչը (Խորվաթիա), Ջուն Սան Պարկը (Հարավային Կորեա/Գերմանիա)։ Բոլոր 12 դիրիժորները մրցույթի առաջին փուլում ներկայացնում են Հայդնի, Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից, ինչպես նաև Էդուարդ Հայրապետյանի՝ հատուկ մրցույթի համար գրված գործը։ Էդուարդ Հայրապետյանը նշեց, որ արդեն ունկնդրել է իր ստեղծագործության մեկնաբանությունները 8 դիրիժորների կողմից։ Կոմպոզիտորը նկատում է, որ այն տպավորությունն է ստացել, որ տարբեր երկրներից ժամանած դիրիժորներից յուրաքանչյուրն ինչ-որ յուրահատուկ բան է ավելացնում գործին՝ իր բնավորությունը, կոլորիտը, էսթետիկական պատկերացումները։ «Ինձ համար այս ամենը շատ հետաքրքիր մի պրոցես է։ Գործն այդ կատարումների շնորհիվ զարմանալի ձևով հարստանում է»,- ասում է Էդուարդ Հայրապետյանը՝ ավելացնելով, որ շատ բարձրակարգ դիրիժորներ են հանդես գալիս մրցույթի շրջանակներում, և ինքը տպավորված է իր ստեղծագործության մեկնաբանություններով։ Նշենք, որ մրցույթի երկրորդ փուլը կմեկնարկի հունիսի 11-ին։ Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2013 թվականից Միջազգային մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ է։ Մրցույթն անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Երաժշտական այս իրադարձությունը կազմակերպել են ՀՀ մշակույթի նախարարությունը, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։   Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС)։ [b]«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ[/b]

Նմանատիպ նյութեր