Կառավարությունը Սյունիքի Շիկահող, Ուժանիս, Բարգուշատ, Խդրանց, Սրաշեն գյուղերին տրամադրվեցին մոտոբլոկներ և խոտհնձիչներ
Կառավարությունը Սյունիքի մարզի սահմանամերձ Շիկահող, Ուժանիս, Բարգուշատ, Խդրանց, Սրաշեն գյուղերին տրամադրեց շուրջ 40 գյուղատնտեսական մոտոբլոկներ և խոտհնձիչներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ծրագիրն իրականացվում է կառավարության կողմից ստեղծված Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից:
Սյունիքի հարցերով զբաղվող միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար, վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանն ասաց, որ միջգերատեսչական աշխատանքային խումբն այցելել է Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղեր և հավաքել տեղեկատվական բազա՝ հասկանալու, թե յուրաքանչյուր գյուղացին ինչ խնդիրներ և կարիք ունի: Ըստ Ղուկասյանի՝ արդեն որոշակի պատկերացում ունեն Սյունիքի մարզի գյուղատնտեսական ապագայի հետ կապված:
«Կարծում ենք գյուղերին մինչև հազար միավոր գյուղտեխնիկա կտրամադրվի, դեռ հաշվարկների մեջ ենք: Գորիսից դեպի Կապան գոտու բնակավայրերում աշխատանքները կկենտրոնացնենք ավելի շատ այգեգործության զարգացման վրա: Շեշտը դնում ենք առանձին տնտեսությունների հզորացման վրա, երկրորդ քայլը գյուղացուն վերամշակող և արտադրող տնտեսավարող դարձնելն է: Պետք է միջնորդենք, որպեսզի նրանք կապեն երկարաժամկետ պայմանագրեր ընկերությունների հետ, որի հիման վրա բնակիչը վստահ կլինի, որ իր այգում, իր տարածքում ցանված ցանկացած բերք կվաճառվի: Սա բոլորիս խնդիրն է Հայաստանում, կարծում եմ՝ արդեն հասել ենք լուծմանը՝ Սյունիքում մի քանի վերամշակող կազմակերպություններ կան, որոնց արդեն Սյունիքի հարցերով զբաղվող միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստի շրջանակներում կհրավիրենք և կքննարկենք, խնդրին կտանք լուծումներ»,- ասաց Ղուկասյանը:
Սյունիքի հարցերով զբաղվող միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարի խոսքով՝
այս գյուղտեխնիկան կնպաստի, որպեսզի թեք հողատարածքները և մշակվեն և օգտագործվեն:
«Ի վերջո, գյուղացին բահից ու գերանդիից կազատվի և սա, կարծում եմ, որ շատ տեղին է, որպեսզի մեր գյուղական բնակավայրերի բնակիչները վերջապես կարողանան ձերբազատվել դրանցից: Եթե խոսում ենք փոքր բիզնեսի գաղափարից, ապա պետք է մեխանիզացիա:
Տեխնիկան տրամադրվում է այն ընտանիքներին, որոնք մշտապես բնակվում են գյուղում: Բոլոր այն տնտեսությունները, որոնք մերթընդմերթ են գալիս գյուղ, այս տեխնիկան իրենց համար այս ծրագրով նախատեսված չէ: Եթե կլինեն մարդիկ, որոնք կցանկանան մշտապես բնակվել այս գյուղերում, սիրով, մենք կքննարկենք և իրենց կտրամադրենք այդ տեխնիկան»,- նշեց Ղուկասյանը:
160 բնակիչ ունեցող Շիկահող գյուղի վարչական ղեկավար Նարե Ղազարյանը գյուղացիների համար անհրաժեշտ օգնություն է համարում Կառավարության կողմից տրամադրված գյուղտեխնիկան:
«Այն կնպաստի գյուղացու աշխատանքի թեթևացմանը: Մոտոբլոկները բաշխել ենք. յուրաքանչյուր 4-5 ընտանիքին մեկը: Բաշխումը կատարվել է գյուղացիների որոշմամբ, թե ով և ում հետ ավելի հեշտ կաշխատի: Այս գյուղտեխնիկան կօգտագործվի մոտ 25 հա տնամերձ այգիները մշակելու համար: Գյուղացիները նշում են, որ հիմնականում կմշակվի կարտոֆիլ»,- ասաց Ղազարյանը:
Շիկահող գյուղի բնակիչ Հրանտ Մարգարյանը, որը նաև մասնագիտացած է մոտոբլոկների օգտագործման և վերանորոգման հարցում, ասաց, որ մոտոբլոկը շատ կհեշտացնի իրենց աշխատանքը այգում:
«Պատկերացրու, այն ժամանակ այսպիսի մոտոբլոկ չկար, մտածել էինք և էլեկտրական սղոցի մարտկոցով ինքնաշեն նման մի բան էինք սարքել և օգտագործում էինք: Իհարկե, այս մոտոբլոկի հզորությունը չունի, բայց քիչ թե շատ աշխատում էր, բայց սա շատ լավն է: Կարող ես նույնիսկ այս մոտոբլոկով առու փորել ու ջրել այգին»,- ընդգծեց Մարգարյանը:
Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբը շարունակելու է այցելությունները մարզի տարբեր բնակավայրեր, հանդիպել բնակիչներին, լսել նրանց մտահոգությունները և խնդիրներին լուծում տալ: Միջգերատեսչական աշխատանքային խումբը Սյունիքի համայքներից մեկում պարբերաբար նիստ է հրավիրում և քննարկում գյուղացիների բարձրացրած հարցերը, ինչպես նաև անվտանգության հետ կապված խնդիրները: