211652_close_icon
views-count8379 դիտում article-date 10:17 01-06-2021

Եվրոպայի հայերի միության նախագահ վերընտրվեց Արթուր Հովհաննիսյանը

Մայիսի 30-ին տեղի ունեցավ Եվրոպայի հայերի միության խորհրդի առցանց ժողովը, որի ընթացքում քննարկվեցին մի շարք կազմակերպչական հարցեր։

Տեղի ունեցավ առցանց քվեարկություն, որի արդյունքում ձայների մեծամասնությամբ կազմակերպության նախագահ վերընտրվեց գործարար Արթուր Հովհաննիսյանը 
Բուլղարիա։

Փոխնախագահ ընտրվեց Արտակ Սերգոյանը
Բելգիա, իսկ քարտուղար՝  Կարինե Հովասափյանը Հայաստան։  

Ժողովի մասնակիցները ընտրեցին նաեւ 9 հոգուց բաղկացած հոգաբարձուների խորհուրդ, որի կազմում ընդգրկվեցին Բելգիայի, Բուլղարիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի, Հայաստանի, Չեխիայի, Իսպանիայի ներկայացուցիչները։

Շնորհակալություն հայտնելով վստահության համար,  Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ առաջիկա հինգ տարիներին ավելի կընդլայնեն համագործակցային ծրագրերը թե՛ եվրոպական հայկական համայնքների, եւ թե՛ Հայաստանի հետ։

Այս հարցում կազմակերպության ղեկավարը հատկապես կարեւորեց թիմային աշխատանքը  խորհրդի անդամների եւ համայնքային կառույցների միջեւ։ 

Մասնավորապես նշվեց, որ հունիսի
14-25-ը նախատեսվում է միության նախագահի եւ փոխնախագահի այցը Հայաստան եւ Արցախ, ուր կքննարկվեն տեղական ծրագրերի ընդլայնման հնարավորությունները։

Արթուր Հովհաննիսյանը կարեւորեց այնպիսի հստակ քայլերի իրականացումը, որոնք կնպաստեն հայրենիքում տիրող ճգնաժամի հաղթահարմանը եւ վստահության մթնոլորտի ձեւավորմանը։


Խորհրդի նիստին մասնակցում էին 9 երկրների մոտ  15 ներկայացուցիչներ,  որոնք որոշեցին  հաջորդ ժողովին քննարկել առաջիկա հինգ տարիների կոնկերտ միջոցառումների ծրագիրը։

Կազմակերպությունը ծրագրում է համագործակցել նաեւ Եվրոպայի հայկական այլ կազմակերպությունների հետ, մասնավորապես ՀԲԸՄ եւ Հայ Դատի մասնաճյուղերի հետ։

ԵՀՄ նախագահի նոր ընտրությունը շնորհավորել են Եվրոպայի մի շարք հայկական կազմակերպություններ ու համայնքային կառույցներ, ինչպես նաեւ Հայ առաքելական եկեղեցու թեմերի հոգեւոր առաջնորդներ։


Եվրոպայի հայերի միությունը ստեղծվել է 2015 թվականին, գրանցվել է 2016-ին եւ  եվրոպական տասը երկրներում ունի մասնաճյուղեր։

Կազմակերպության հիմնական նպատակներն են հայապահպանությունը, հայկական մշակույթի զարգացումը եւ պահպանումը Եվրոպայում, Հայաստան
-Սփյուռք-Արցախ կապերի զարգացումը, բարեգործական ծրագրերի իրականացումը Հայաստանում, ինչպես նաեւ հայկական դպրոցների ու կրթական ծրագրերի աջակցությունը սփյուռքում։

Եվրոպայի հայերի միության մամուլի ծառայություն
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր