211652_close_icon
views-count1969 դիտում article-date 10:58 31-05-2021

«Ներողություն եմ խնդրում». Արկադի Խաչատրյանը՝ «Լուսավոր Հայաստանի» նախընտրական ցուցակում չընդգրկվելու մասին

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը Facebook-ի իր էջում գրառմամբ մեկնաբանել է, թե ինչու չի ընդգրկվել ԼՀԿ նախընտրական ցուցակում։

Նա, մասնավորապես, նշել է. «Հարգելի՛ ընկերներ, սիրելի՛ հայրենակիցներ,

Նկատի ունենալով տարաբնույթ ասեկոսեների և բամբասանքների տարածման հանգամանքը, ինչպես նաև ԶԼՄ-ներից ստացվող հարցադրումները՝ ես ևս հարկ եմ համարում տեղեկացնել, որ «Լուսավոր Հայաստան»-ի նախընտրական ցուցակում իմ ընդգրկված չլինելու հանգամանքը իմ որոշման արդյունքն է, որը պայմանավորված է Օրենսդիր մարմնում իմ գործունեությունը չշարունակելու և ինձ շատ ավելի հոգեհարազատ ֆինանսատնտեսական ոլորտ վերադառնալու իմ ցանկությամբ։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Լուսավոր Հայաստան»-ի իմ գործընկերներին փոխադարձ վստահության և համատեղ աշխատանքի համար։

Նույնիսկ անկուսակցական լինելով հանդերձ՝ միշտ եղել եմ և կմնամ «Լուսավորչականության» և ազգային միասնականության գաղափարների կրողը։ Համոզված եմ, որ կրթության և գիտության զարգացումը պետք է լինի մեր երկրի ապագա զարգացման հիմքն ու առանցքը։

Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության առջև ներկայումս ծառացած լրջագույն մարտահրավերները, նախ և առաջ՝ անվտանգության խնդիրը, հնարավոր է լուծել միայն մեր միասնականությամբ և համախմբմամբ։ Չկա ավելի մեծ չարիք, քան մեր ժողովրդի պառակտումն է, թշնամանքի, անհանդուրժողականության և անվստահության սերմանումը։ Միթե՞ չենք հասկանում, որ թշնամին հենց դա է ուզում։

Անկախ գալիք ընտրությունների արդյունքներից՝ կոչս բոլոր քաղաքական ուժերին կլինի՝ որևէ պարագայում չգնալ վենդետաների, հանուն մեր պետականության պահպանման և ժողովրդի անվտանգության, հանուն զոհված և հերոսացած հայորդիների հիշատակի՝ վեր կանգնել նեղ կուսակցական շահերից, ապահովել ազգային միասնականությունն ու համախմբումը, ստեղծել ազգային համերաշխության հարթակ, հրավիրել բոլոր պրոֆեսիոնալ, բանիմաց, փորձառու և տեսլական ունեցող մարդկանց, այդ թվում՝ սփյուռքից, առանց «սևերի և սպիտակների»։ Ի հեճուկս թշնամու՝ մենք ուղղելու ենք մեր մեջքը, անելու ենք դա բոլորս միասին, ուս ուսի տված, անելու ենք գիտելիքով, քրտնաջան աշխատանքով և մեր միասնականությամբ։

Ազգային ժողովի լիազորությունների ավարտից հետո պլանավորում եմ վերադառնալ ֆինանսատնտեսական պրոֆեսիոնալ դաշտ և ակադեմիական ոլորտ և շարունակել ծառայել Հայաստանի Հանրապետությանը, ինչպես դա արել եմ նախորդ քսան տարիներին։

Քաղաքականության մեջ կլինեմ այնքանով, որքանով դա կլինի անհրաժեշտ մեր երկրի տնտեսական զարգացմանն ուղղված բարեփոխումների և ծրագրերի իրականացման, վերկուսակցական, ազգային շահերի ապահովման համար։

Ներողություն եմ խնդրում բոլոր այն ընկերներից, համակիրներից և առհասարակ ընտրողներից, որոնց հիասթափեցրել եմ իմ այս որոշմամբ։

Ես միշտ եղել եմ Ձեր առջև ազնիվ, առաջնորդվել եմ իմ մտքի, խղճի, սկզբունքների և օրենքի թելադրանքով, ներդրել եմ իմ ունեցած գիտելիքները, փորձն ու հոգին, միշտ ծառայել, ծառայում և ծառայելու եմ ի շահ մեր երկրի և ժողովրդի, հանուն Հայաստանի տնտեսական զարգացման և ֆինանսական կայունության ապահովման։

Շնորհակալ եմ վստահության համար։

Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը և մեր ժողովրդին»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր