211652_close_icon
views-count4976 դիտում article-date 13:07 27-05-2021

Պահանջում ենք երկրում հայտարարել ռազմական դրություն․ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որով պահանջում է Հայաստանում ռազմական դրություն հայտարարել:

Հայտարարությունում ասվում է.

«Այսօր վաղ առավոտյան ՀՀ ՊՆ կողմից պաշտոնապես հաստատվեց, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ուժերի կողմից շրջափակվել և գերեվարվել են ՀՀ ԶՈւ 6 զինծառայողներ: Ավելի վաղ՝ մայիսի 25-ին, Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից զոհվել էր պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ 32 ամյա Վ. Յ. Խուրշուդյանը:

Չնայած այն հանգամանքին, որ տվյալ իրավիճակում ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի Դաշնության հետ անվտանգային փոխգործակցությունը պետք է ապահովեր Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը, Հայաստանը ռազմավարական դաշնակիցների կողմից որևէ աջակցություն չունեցավ՝ նույնիսկ դատապարտող և զսպող հայտարարությունների տեսքով:

Ստեղծված ճգնաժամային և պայթունավտանգ իրավիճակում ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը, որը պատերազմից և պարտությունից հետո լիարժեքորեն չի վերականգնել իր ռազմական, քաղաքական և տնտեսական կարողությունները, չի կարող շարունակել ապավինել ՀԱՊԿ աջակցությանը և անվտանգային մեխանիզմների կիրառման երաշխավորությանը:

Ուստի, ՀՀ իշխանություններից պահանջում ենք անհապաղ իրականացնել հետևյալ քայլերը.

1. Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական կողմի ոտնձգությունները և ռազմագերիների վերադարձի հարցերը Ֆրանսիայի առաջարկով և միջնորդությամբ բարձրացնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում՝դատապարտող բանաձևեր ընդունելու և ճնշումներ գործադրելու նպատակով։

2. անվտանգության սպառնալիքների ներկայիս պայմաններում երկրում հայտարարել ռազմական դրություն, դադարեցնել խորհրդարանական ընտրությունների նախընտրական պրոցեսները,

իրականացնել պահեստազորի զորահավաք, դիմել Ֆրանսիային ՝ ռազմական աջակցություն ստանալու նպատակով, և սկսել գործողություններ՝ հակառակորդին ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս շպրտելու համար։

Նմանատիպ նյութեր