211652_close_icon
views-count37999 դիտում article-date 16:00 26-05-2021

Արագածոտնի մարզում ոստիկանության ծառայողը Opel-ով մխրճվել է գյուղապետի վարած ԶԻԼ-ի մեջ. վիրավոր կանանցից մեկը դեպքի վայրում անիծում էր գյուղապետին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 12։40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 41 կմ-ին բախվել են Սպիտակ քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Արսեն Չոբանյանի վարած Opel մակնիշի և Շիրակի մարզի Սարատակ գյուղի բնակիչ՝ 61-ամյա Միշա Ղրզոյանի վարած ԶԻԼ մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ա. Չոբանյանն ու նրա ուղևորուհի՝ Սպիտակ քաղաքի բնակիչ, 63-ամյա Գայանե Ստեփանյանը և ևս 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Վարդանյանն ու Վահագն Էլոյանը։

Փաստի առթիվ Վ. Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վ. Էլոյանի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանւթյան Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Մովսիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Opel-ի վարորդ Ա. Չոբանյանն աշխատում է Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի ՊՊԾ դասակում, իսկ ԶԻԼ-ի վարորդ Մ. Ղրզոյանը Շիրակի մարզի Սարատակ համայնքի ղեկավարն է։

Դեպքի վայրում վիրավոր կանանցից մեկն էլ նախատում ու անեծքներ էր հնչեցնում ԶԻԼ-ի վարորդի հասցեին՝ ասելով, որ. «Դու է՛լ բեթար օրն ես ընկնելու, ոնց որ մեզ էս օրը քցեցիր»։ Եվ բանը չհասավ ձեռնամարտի՝ շնորհիվ ԶԻԼ-ի վարորդի համբերության ու ճանապարհային ոստիկանների միջամտության։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր