211652_close_icon
views-count63010 դիտում article-date 15:07 05-08-2015

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. Hyundai-ի վարորդը դուրս է եկել հանդիպակաց գոտի և մխրճվել ԶԻԼ-ի մեջ. կա 6 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Արտենի գյուղի խաչմերուկում բախվել են Hyundai Solaris մակնիշի A 264 УВ 134 համարանիշի ԶԻԼ մակնիշի 32 UU 875 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Hyundai-ի վարորդը և նրա 5 ուղևորները քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և 3-ը` քաղաքացիների, 3-ը` շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Արմավիր բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի մեղավորը Hyundai-ի վարորդն է եղել, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ԶԻԼ-ին: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի և դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ, վերջիններս էլ վիրավորներին ուղեկցել են հիվանդանոց: Ժամանել են նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը համայնքային ոստիկանության բաժնի տեսուչ Միխայիլ Գրիգորյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի քննիչ Արգիշտի Քոթանջյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ դեպքի վայր էին ժամանել նաև փրկարարները 2 մարտական հաշվարկով: Մինչև այժմ մեծն ԱՊՊԱ-ն չի բարեհաճել դեպքի վայր ու հավաքվածներն էլ կատակում էին, ասելով. «Հավանաբար, շոգը տվել է գործակալի գլխին և ուղեղը ամբողջովին թմրել է և իրենց պատճառով չեն կարողանում ավտոմեքենաները տեղափոխել ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք»: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր