211652_close_icon
views-count2850 դիտում article-date 12:02 24-05-2021

ԱՄՆ-ում և Եվրոպայում կոչ են արել արգելել թռիչքները Բելառուսի վրայով և ազատ արձակել Ռոման Պրոտասևիչին

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել միջազգային հետաքննություն անցկացնել` Մինսկում Ryanair ընկերության ուղևորատար ինքնաթիռի հետ կապված միջադեպի առնչությամբ:

«Դա բելառուսական իշխանությունների ևս մեկ ակնհայտ փորձ է լռեցնելու ընդդիմության բոլոր ձայները»,- ասվում է Բորելի հայտարարության մեջ: Գրում է ria.ru-ն։

Բորելը կոչ է արել անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր լրագրող, Nexta թելեգրամյան ալիքի համահիմնադիր Ռոման Պրոտասևիչին, որին ձերբակալել էին Մինսկի օդանավակայանում ինքնաթիռի վայրէջքից հետո:
ԵՄ ներկայացուցչի խոսքով` բելառուսական իշխանությունները վտանգի տակ են դրել ուղևորների և անձնակազմի ավտանգությունը:

«Այս իրավիճակը կքննարկվի Եվրոպայի խորհրդի կայանալիք նիստում: ԵՄ-ն կդիտարկի կատարվածի հանգամանքները, այդ թվում միջոցներ կձեռնարկի պատասխանատու անձնանց նկատմամբ», - հավելել է Բորելը:

Նշվում է նաև,որ ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Բոբ Մենենդեսը, Չեխիայի, Լատվիայի, Գերմանիայի, Լիտվայի, Իռլանդիայի, Լեհաստանի եւ Մեծ Բրիտանիայի գործընկերների հետ միասին, հայտարարություն է տարածել Մինսկում Ryanair-ի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի կապակցությամբ եւ կոչ է արել արգելել բոլոր թռիչքները Բելառուսի վրայով։

«Մենք կոչ ենք անում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանն (ICAO) անհապաղ հետաքննել պետությունների միջեւ ազատ տարանցման ակնհայտ խախտումը եւ սպառնալիքներն ավիացիայի համար»,- ասված է Մենենդեսի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

Օրենսդիրները կոչ են արել դադարեցնել Բելառուսի անդամակցությունն ICAO-ին եւ «արգելել բոլոր թռիչքները Բելառուսի վրայով, այդ թվում` թռիչքները դեպի երկիր եւ երկրից», քանի դեռ հետաքննություն չի կատարվել:

Բացի այդ, հաղորդագրությունն առաջարկ է պարունակում ՆԱՏՕ-ի եւ ԵՄ երկրներին` պատժամիջոցներ կիրառել Մինսկի դեմ եւ կասեցնել Բելառուսի իշխանությունների կողմից «Ինտերպոլի եւ այլ միջազգային կազմակերպությունների օգտագործման հնարավորությունը Եվրոպայում ժողովրդավարության դեմ հետագա հարձակումների համար»:

«Մենք կոչ ենք անում անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակել Ռոման Պրոտասեւիչին եւ բոլոր մյուս քաղբանտարկյալներին»,- նշվում է փաստաթղթում:

Հիշեցնենք, որ նախօրեին Աթենք-Վիլնյուս երթուղով թռչող ինքնաթիռը, Բելառուսի տարածքի մեծ մասի վրայով անցնելուց և Լիտվայի հետ սահմանին մոտենալուց հետո փոխել է ընթացքը և շարժվել Մինսկի ուղղությամբ: Մինսկի օդանավակայանից հայտնել էին, որ օդաչուների փոխանցմամբ՝ օդանավը «ականապատված» է եղել, սակայն ստուգումների ընթացքում այդ տեղեկությունը հերքվել է:

Բելառուսական աղբյուրները հայտնում էին, որ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անձամբ է հրաման տվել Մինսկում ընդունել Ryanair ավիաընկերության ինքնաթիռը: Ինքնաթիռի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է Բելառուսում ծայրահեղական ճանաչված NEXTA թելեգրամյան ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչը:

Նմանատիպ նյութեր