211652_close_icon
views-count5833 դիտում article-date 11:24 16-05-2021

Երբ իմացա, որ պատերազմ է, հասկացա՝ ես էլ Վահե չունեմ. միշտ հպարտանում էր իր ծննդյան օրով, ասում էր՝ միայն կարգին տղերքն են Հաղթանակի օրը ծնվում. մայրը՝ նահատակված Վահե Եղիկյանի մասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Tert.am-ը գրում է. Վահեն 19 տարեկան էր, 20-ն այս տարի լրացավ, Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին: Միշտ հպարտանում էր իր ծննդյան տարեդարձի օրով, ասում էր՝ միայն կարգին տղերքն են Հաղթանակի օրը ծնվում. հիմա այդ տոնը չկա, իսկ ինքը ապացուցեց, որ իր հպարտությունը հավերժ է, պատմում է Կարինե Մուրադյանը՝ 44-օրյա Արցախյան պատերազմի ժամանակ նահատակված կրտսեր սերժանտ Վահե Եղիկյանի մայրը։

Վահեն Երևանից էր, ընտանիքի միակ տղան, ուներ մեկ քույր: Հերոսը ծառայում էր Ջրականում (Ջաբրայիլ): Մայրը պատմում է, որ Վահեն իրականում պետք է Հայաստանում  ուսումնական զորամասում ծառայեր, բայց զինվորական հավաքակայանում որոշել է, որ պիտի մեկնի Արցախ ու հետագա ծառայությունն այնտեղ պիտի անցնի:

«Ծանր տարա նրա այդ որոշումը, հենց սկզբից տրամադրվել էի, որ պիտի ուսումնական զորամասում ծառայի: Վահեն դիրքի ավագ էր ու պատասխանատու էր իր ընկերների համար: Վահեին մի քանի բառով շատ դժվար է նկարագրելը, նա ամբողջովին կյանք էր, կյանքով լեցուն  էր. բարի էր, ընկերասեր, գրագետ ու իր առաջ դրած բոլոր նպատակներին հասնում էր իր ուժերով. անձնվեր ընկեր էր, կաներ ամեն ինչ, որ ընկերը չտխրեր, այն, ինչ իր պատասխանատվությունն էր պահանջում, պետք է բարձր մակարդակով լիներ»,-հիշում է տիկին Կարինեն:

«Վահեն չհասցրեց սովորել, քանի որ դպրոցն ավարտեց, ընդունվեց Հայ-Ռուսական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ, որից երեք օր հետո զորակոչվեց բանակ: Շատ ուրախ էր ապրում, իր նպատակներից ու խոստումներից մեկն այն էր, որ պիտի ընդունվի համալսարան ու իր խոստումը կատարեց»,-ասում է մայրը:

Վահեի մեջ հայրենիքի նկատմամբ սերը դեռ դպրոցական տարիներից էր արմատավորվել: «Իրենց դպրոցում երեխաների հայրենասիրական հոգին տարբերվում էր, հաճախ էին Եռաբլուր գնում: Երբ ասում էի, որ ամեն դեպքում շատ հաճախ գնալ պետք չէ, Վահեն ասում էր՝ մամ, ո՞վ է ասել, որ դա գերեզմանատուն է, լույսեր կան: Վահեի ներսում հայրենասիրությունն ու ընկերասիրությունը միախառնված էին»,– պատմում է մայրը:

Հերոսը շատ երազանքներ չուներ, դրանք նպատակներ էին, որոնց համար ամեն ինչի պատրաստ էր:  Նպատակ ուներ, որ մեծ տուն պետք է գնի, հյուրասենյակում էլ շատ մեծ սեղան տեղադրի ու տանը միշտ խնջույքներ կազմակերպի, բոլոր ընկերների, ծանոթ, անծանոթների հետ ուրախանա: «Շատ կենսուրախ էր, պարել շատ էր սիրում, բոլոր առիթներին ինքը պարտադիր ներկա էր լինում, բայց միշտ այնպես էր անում, որ իր դասերը չտուժեն դրանից»:

Մանրամասներն՝ այստեղ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր