211652_close_icon
views-count86924 դիտում article-date 18:49 03-05-2021

Երևանում ոստիկանները հայտնաբերել են «Իմ քայլի» անդամ գյուղապետի եղբորից առևանգված Porsche Cayenne-ը. հայտնի է հափշտակողների ու նրան դանակահարողի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  այսօր՝ մայիսի  3-ին, ոստիկանության ծառայողները շրջայց կատարելու ժամանակ Նոր Նորք վարչական շրջանում նկատել են առանց համարանիշների Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենա:

Ինչպես հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները,  ունենալով հնարավոր կասկածներ, պարզել են, որ նշված ավտոմեքենան ապրիլի 26-ին Արարատի մարզում առևանգվել է, ինչի առթիվ էլ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերված Porsche Cayenne-ը պատկանում է Արարատի մարզի Նորաշեն գյուղի գյուղապետի պաշտոնակատար,  «Իմ քայլը» անդամ Արտակ Հարությունյանի եղբորը՝  33-ամյա Պետիկ Հարությունյանին, ում ավտոմեքենան առևանգելուց առաջ  դանակահարել էին: Նա Բանգլադեշում հայտնի «Նեպտունի Համիկի» սանիկն է։

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝  Արարատի մարզի ոստիկանները՝  մարզի ոստիկանապետ Կամո Ցուցուլյանի, ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի և Արարատի մարզային քննչական վարչության քննիչների հետ պարզել են, որ ավազակային հարձակում  կատարող կասկածյալների ինքնությունը: Նրանք են՝ Արարատի մարզի բնակիչ, 39-ամյա Վարդան Մ.-ն և Երևանի բնակիչներ,  28-ամյա Երջանիկ Կ.-ն և 26-ամյա Դավիթ Կ.-ն: Վերջիններս հարազատ եղբայրներ են:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ապրիլի 25-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ էր ստացվել, որ «ձախ ազդրի հետին մակերեսի և գլխի աջ գագաթաքունքային շրջանների կտրած-ծակած վերքեր, ձախ նստաներվի վնասում՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց էին ժամանել Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանն ու Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ։

Ժամանել էր նաև Արարատի մարզի դատախազ Արմեն Չիչոյանը։

Հիվանդանոցում բժիշկները իրավապահներին հայտնել էին, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, նա բժիշկներին միայն հայտնել էր, որ վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետևանքով։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Ոստիկանության Արարատի մարզային վարչության ու Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել էին, որ վիրավորը Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ՝ 33-ամյա Պետիկ Հարությունյանն է։

Ոստիկանները տաք հետքերով պարզել էին նաև, որ նույն օրը, ժամը 13։20-ի սահմաններում Արտաշատ քաղաքի կենտրոնական շուկայի տարածքում 3 հոգի վիճաբանել են Պ․ Հարությունյանի հետ, որի ժամանակ էլ նրանցից մեկը դանակի մի քանի հարվածներ է հասցրել Պ․ Հարությունյանին, որից հետո երեքով հափշտակել են Պ․ Հարությունյանին պատկանող Porsche Cayenne մակնիշի 88 OC 888 համարանիշի ավտոմեքենան և դիմել փախուստի։

Ոստիկանությունը ձեռնարկում էր անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, նշված անձանց և գողացված ավտոմեքենան ու հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Արարատի մարզի Նորաշեն գյուղի գյուղապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» անդամ Արտակ Հարությունյանի եղբայրն է և Բանգլադեշում հայտնի «Նեպտունի Համիկի» սանիկն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր