211652_close_icon
views-count58548 դիտում article-date 01:50 27-04-2021

Արտակարգ դեպք Արարատի մարզում. դանակի մի քանի հարվածներից ստացած վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել «Իմ քայլի» անդամ գյուղապետի եղբայրը. նրա Porsche Cayenne-ն էլ փախցրել են

Երեկ՝ ապրիլի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 13։30-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի հետին մակերեսի և գլխի աջ գագաթաքունքային շրջանների կտրած-ծակած վերքեր, ձախ նստաներվի վնասում՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանն ու Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ։

Ժամանել է նաև Արարատի մարզի դատախազ Արմեն Չիչոյանը։

Հիվանդանոցում բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, նա բժիշկներին միայն հայտնել է, որ վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետևանքով։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Ոստիկանության Արարատի մարզային վարչության ու Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ՝ 33-ամյա Պետիկ Հարությունյանն է։

Ոստիկանները տաք հետքերով պարզել են նաև, որ նույն օրը, ժամը 13։20-ի սահմաններում Արտաշատ քաղաքի կենտրոնական շուկայի տարածքում 3 հոգի վիճաբանել են Պ․ Հարությունյանի հետ, որի ժամանակ էլ նրանցից մեկը դանակի մի քանի հարվածներ է հասցրել Պ․ Հարությունյանին, որից հետո երեքով հափշտակել են Պ․ Հարությունյանին պատկանող Porsche Cayenne մակնիշի 88 OC 888 համարանիշի ավտոմեքենան և դիմել փախուստի։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, նշված անձանց և գողացված ավտոմեքենան ու հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Արարատի մարզի Նորաշեն գյուղի գյուղապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» անդամ Արտակ Հարությունյանի եղբայրն է և Բանգլադեշում հայտնի «Նեպտունի Համիկի» սանիկն է։

Փաստի առթիվ Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Նմանատիպ նյութեր