211652_close_icon
views-count1454 դիտում article-date 14:17 03-05-2021

Պետության աջակցությամբ անպտղության հաղթահարման ծրագրով Հայաստանում արդեն ծնվել է 79 երեխա

Պետության աջակցությամբ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների միջոցով երեխա ունենալու ծրագրով մինչև այժմ Հայաստանում ծնվել է 79 երեխա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Վերարտադրողական օժանդակ միջոցներից օգտվողները բավական շատ են եղել: Արդեն 79 երեխա ծնվել է այս ծրագրի շնորհիվ»,-ասաց Ավանեսյանը:

Ծրագիրը մեկնարկել է 2019-ին: Նախարարը նշեց, որ 2020-ը միանշանակ խոչընդոտել է ծրագրի ամբողջական իրագործմանը, որովհետև պլանային որոշակի հետազոտություններ կասեցված են եղել: Ավանեսյանը, սակայն, հույս հայտնեց, որ այս տարի շատ ավելի լավ արդյունքներ պետք է գրանցվեն:

Անդրադառնալով վերջերս կատարված փոփոխությանը, ըստ որի՝ առանց լրացուցիչ պահանջների, ծրագրից կարող են օգտվել նաև պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները՝ նախարարը նշեց. «Զոհված զինծառայողների ծնողները դիմում են: Բայց դա երկար պրոցես է, պետք է անցնեն հետազոտման, բուժման էտապներ, մինչև ունենանք արդյունքներ»:

Անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին կառավարության 2015 թվականին որոշմամբ սահմանվել էր շահառուների ընդամենը երկու խումբ: Ծառայություններն անվճար էին մատուցվում անապահովության 30 և ավելի միավոր ունեցող նպաստառուների համար, իսկ արտոնյալ պայմաններով՝10-30 միավոր ունեցող նպաստառուների համար: Ծառայությունների մեջ մտնում էր պատճառագիտության ախտորոշումը և բուժումը, մինչ սերմնավորումը և մինչ բեղմնավորումն իրականացվող հետազոտությունները և արհեստական սերմնավորումը, բեղմնավորումը չէր մտնում: 2019-ին որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, առաջարկվող ծառայությունների մեջ ներառվել է նաև արտամարմնային բեղմնավորումը, ինչն ավելի ծախսատար ծառայություն է, բացի այդ փոխվել է շահառուների խումբը: Շահառուների խմբում այսպիսով ներառվել են նաև զինծառայողները և նրանց հավասարեցված անձինք, հաշմանդամություն ունեցող անձինք, սահմանամերձ բնակավայրերի բնակիչները, որոնք 2019-ին ներառել են 38 համայնք: Սակայն նախորդ տարի թիվը 38-ից դարձել է 184: Շահառու են եղել նաև զոհված զինծառայողների ծնողները:  Շահառուների բոլոր խմբերի համար կնոջ տարիքը պետք է լինի մինչև 35 տարեկան (ներառյալ), իսկ զոհված զինծառայողների ծնողների համար սահմանափակումը մինչև 42 տարեկան է: Այս տարի նպաստառուների միավորների շեմը 30-ից իջեցվել է մինչև 28, նաև ներառվել է շահառուների նոր խումբ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում կամ ավարտից հետո մարտական գործողություններին մասնակցության հետ կապված պատճառագիտական կապով զոհված զավակի ծնողները: Այս խմբի վրա չեն տարածվում մնացած խմբերի համար սահմանված հիմնական և լրացուցիչ պահանջները, այդ թվում՝ չկա տարիքային սահմանափակում,անզավակության պահանջ:

Նմանատիպ նյութեր