211652_close_icon
views-count1836 դիտում article-date 18:46 29-04-2021

Մենք շատ բարդ հանձնարարություն ունենք հիմա՝ ցույց տալ ժողովրդին, որ Արցախը ոչ թե մեր բեռն ու գլխացավանքն է, այլ մեր գոյության երաշխիքն է. «5165» շարժման հիմնադիր անդամ Մենուա Սողոմոնյան

Հայաստանում կրթության վիճակի, վերափոխման հնարավորությունների, ազգային գաղափարների  և միասնականության մասին զրուցել ենք միջազգային հարաբերությունների մասնագետ, ԵՊՀդոցենտ, պատմական գիտությունների թեկնածու, «5165» շարժման հիմնադիր անդամ Մենուա Սողոմոնյանի հետ:

-Պարոն Սողոմոնյան, Հայաստանի կրթական համակարգում ի՞նչ խնդիրներ կան, ո՞րն  է զարգացման Ձեր տեսլականը:
-Սա կարևորագույն հարցերից մեկն է, քանի որ կրթությունը բազմաթիվ խնդրահարույց հարցերի պատասխանն ու նաև բազմաթիվ խնդիրների հիմքն ու պատճառն է: Մենք կարող ենք վստահաբար ասել, որ այն իրավիճակը, որ  մենք ունենք նաև կրթության պակասից է, ինչի  հետևանքով հանրության մի ստվար զանգված հեշությամբ կարողանում է հավատալ կեղծիքին, չտարբերել  լավը վատից: Կան մարդիկ, որոնք հանուն ֆինանսի և նեղ անձնական շահի հասարակությանը մատուցում են անբովանդակ կոնտենտ՝ երգ, երաժշտություն, սերիալներ և այլն: Անկախացումից ի վեր մենք տեսել ենք, որ կրթությունը ՀՀ-ում չի գտնվում պետության հոգածության ներքո, ինչը երևում է այդ ոլորտին հատկացված ֆինանսներից և կրթության կազմակերպան ձևերից: Հայաստանում կրթության ամեն նոր նախարար ձգտել է իր ձևը ներդնել, փոխել ինչ-որ մի բան՝ առանց հասկանալու, թե այս հասարակությունը համաձա՞յն է դրան: Մենք մինչ օրս չենք տվել այն հարցի պատասխանը, թե ո՞ւր պետք է գնանք, դրա շուրջ չենք համախմբել հասարակությանը, չենք գնահատել նրանց կարողությունները: «5165» շարժման նպատակն է համախբել հասարակության կարող և մտավոր ունակ ուժերին և տալ կարևորագույն ձևակերպումը՝ մենք ո՞ւր պետք է գնանք և ինչպե՞ս պետք է ստեղծվի համաձայնությունն ուր գնալու հարցում:
 
-Կրթական համակարգի վերականգնման և դրական արդյունք ունենալու համար որքա՞ն ժամանակ է հարկավոր:
-Գոյություն ունի կարճաժամկետ պլանավորում՝ 5 տարի, և միջնաժամկետ պլանավորում՝ 20 տարի, բայց ամեն դեպքում 5 տարին բավական կլինի ստեղծելու համար համակարգը, որից հետո անգամ, եթե փոխվեն նախարարներ, դրված հիմքը և կարգավորումները կմնան ու կպահպանվեն:

-Այսօր ոչ պակաս կարևոր է սոցիալական համերաշխությունը, ի՞նչ եք կարծում ինչի՞ արդյունքում մենք կարող ենք գալ դրան:
-Այո դա կարևորագույն մեկնակետային պայմանն է, առանց որի հնարավոր չէ սահմանել նպատակ և ձեռք բերել այդ նպատակի շուրջ հասարակության համաձայնությունը: Հիմա մենք փաստացի գտնվում ենք մի իրավիճում, երբ հասարակությունը չափազանց պառակտված է, անվստահության մթնոլորտ է տիրում: Մենք մոնոէթնիկ հասարակություն լինելով՝ մեր պատմության մեջ կարմիր թելի պես անցկացնում ենք պառակտվածության գիծը: Պետք է ամեն գնով հասարակությանը բերենք նրան, որ  միասնականության մեջ է խնդիրների լուծման ճանապարհը: Մենք պետության կորստի իրական սպառնալիքի առաջ ենք, եթե լինենք միասնական, ապա կկարողանանք պայքարել դրա դեմ:
-Հարկ է նշել, որ մեր պատմության ամբողջ ընթացքում մենք, հատկապես դժվարագույն ժամանակահատվածներում, համախմբված ենք եղել եկեղեցու շուրջ: Այսօր եկեղեցին ի՞նչ վիճակում է:
-2018 թվականից հետո եկեղեցու դեմ քայլեր են իրականացվում, կազմակերպված արշավ, որի նպատակն է  հայ ազգի ինքնության առանցքների կազմաքանդումն ու կերպափոխումը: Ասվածը պոստմոդեռն գաղափարախոություն կրող շարժում է, որը նպատակ է հետապնդում հնարավորինս գլոբալիզացման գնալ՝ թուլացնելով հանրույթների ինքնությունները: Միտում ունեն ստեղծել անդեմ հասարակություն, որտեղ կարևոր արժեքը նյութականացված է՝ բարեկեցությունը դիտարկվում է որպես վերջնանպատակ: Այնպիսի հիմնասյուները, ինչպիսիք են եկեղեցին, մշակույթը, բանակը, ուժեղ պետականությունը և ազգային գաղափարախոսությունները արժանանում են կազմակերպված արշավի: Նրանք օգտագործում են եկեղեցու մասնավոր դեպքերը ու ոմանց թերությունները: Գուցե եկեղեցին չի ունեցել հնարավորություն ավելի ճիշտ կերպով համայնքի հետ կապ հաստատելու,  և այս հարցում եկեղեցին մեր աջակցության կարիքն ունի: Կան առանձին թեմեր, որտեղ եկեղացականները ներդաշնակ են բնակչության հետ:  Հարկավոր է այս հարցում ուշադիր լինել, ցուցաբերել խորքային մոտեցում:
 
-Այս պահին Արցախի հարցը Ձեր գնահատմամբ ի՞նչ փուլում է գտնվում:
-Մենք սովոր էինք ասել, որ մենք կրում ենք որոշ զրկանքներ հանուն նրա, որ Արցախի հարցը լուծվի մեր ուզած ձևով, բայց այսօր այնպիսի իրավիճակ է, որ բզկտված մի կտոր մնաց մեր երկրի այդ հատվածից: Մենք, անկախ պատճառներից, պետք է ընդունենք մեր պարտությունը: Մինչև մենք դա չանենք և խորությամբ չհասկանանք դրա պատճառները, չենք կարող հույս փայփայել իրավիճակը շտկելու և վերականգնելու համար: Այսօր իշխանությունների կողմից քննարկման է դրվում այն հարցը, որ կարելիէ արդեն հրաժարվել Արցախից, գործող իշխանությանը աջակցող շատ մարդիկ, որոնք ունեն ցածր գիտակցություն, աջակցում են նրանց այս գաղափարի առումով: Լսում ենք, երբ ասում են՝ իմ երեխան չպետք է ծառայի Արցախում:Մենք շատ բարդ հանձնարարություն ունենք հիմա՝ ցույց տալ ժողովրդին, որ Արցախը ոչ թե մեր բեռն ու գլխացավանքն է, այլ մեր գոյության երաշխիքն է:
 
-Դուք խոսեցիք ազգային գաղափարախոսությունից, ի՞նչ միջոցներով մենք պետք է հասարակությանը մղենք դեպի ազգային գաղափարախոսությունը և մեր ապագան կառուցենք դրա հիման վրա:
-Վերջին շրջանում, ցավոք, ազգայինը օգտագործվել է պոպուլիստական նպատակներով: Եղել են ուժեր, ովքեր իրենց նյութական շահերն են առաջ տարել՝ այն համեմելով ազգայինով, ինչով նպաստել են պոստմոդեռն ուժերի թիրախավորած քարոզչության միջոցով ազգայինի վարկաբեկմանը: Ըստ էության մարդիկ խոսել են ազգային գաղափարներից, բայց նրանք չեն եղել դրա կրողը, բացի այդ ազգայինը չի կարելի պրոյեկտել միայն հնի հետ, կարելի է բաց լինել նորարարությունների հանդեպ՝ հաշվի առնելով հնարավոր ռիսկերը:Մենք սկսեցինք կրթությունից և գալիս հանգում ենք նորից դրան: Եթե կրթությունը պատճառն է ձախողումների, ապա նաև բալասանն է խնդիրների լուծման, որոնց թվում է նաև ազգային գաղափարախոսության տարածումը և պահպանումը:
 

Նմանատիպ նյութեր