211652_close_icon
views-count1089 դիտում article-date 16:55 29-04-2021

Միջանցքի մասին խոսակցություն չկա և չի կարող լինել. ԱԱԾ տնօրենի տեղակալը՝ «Մեղրիի միջանցքի» հարցի մասին

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը վստահեցնում է, որ «Մեղրիի միջանցքի» մասին ընդհանրապես խոսակցություն չկա և չի էլ կարող լինել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Ադրբեջանը խոսում է «Մեղրիի միջանցքի» մասին:

«Նրանք կարող են շատ բան խոսել, բայց միջանցքի մասին ընդհանրապես խոսակցություն չկա և չի էլ կարող լինել»,-ասաց Մելքոնյանը:

Նա նշեց, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորությամբ աշխատանքային խումբն ուսումնասիրում է լոգիստիկայի, ճանապարհների հնարավոր տարբերակները: «Որևէ միջանցքի մասին խոսք լինել չի կարող: Կարող են լինել տրանզիտ բեռնափոխադրումների համար երկաթգծի ճանապարհներ, բայց ոչ թե միջանցքների հետ կապված հարցեր»,-ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալը:

Հայաստանի Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը դադարեցնելու վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ «միջանցք» ձևակերպում գոյություն չունի: Այդ հայտարարության 9-րդ կետը սահմանում է, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը պետք է ապաշրջափակվեն: «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի նոր տրանսպորտային հաղորդակցություն, որը կկապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արեւմտյան շրջանները»,-նշված է այդ հայտարարության մեջ, որը ստորագրել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները:

Նմանատիպ նյութեր