211652_close_icon
views-count2391 դիտում article-date 23:42 24-04-2021

Արմեն Դարբինյան. Մեր անելիքները՝ ԱՅՍ ՕՐՈՎ

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է այն քայլերը, որոնք պետք է իրականացվեն Հայաստանում:
 
Նա գրել է.
 
«Մեր անելիքները՝ ԱՅՍ ՕՐՈՎ.
 
- Վերսկսել պետական մակարդակով հետապնդել Ցեղասպանության համաշխարհային ճանաչման և դատապարտման օրակարգը՝ վերջնական նպատակ ունենալով պարտադրել Թուրքիային ընդունել այդ փաստը և մեղքերի քավություն հայցել դրա համար;
 
- Բոլոր ՛՛խաղաղասերներին՛՛ և խաղաղություն քարոզողներին մեկ և ընդմիշտ ապացուցել, որ քանի դեռ Թուրքիան չի ընդունել ցեղասպանական քաղաքականության փաստը և հրապարակայնորեն չի ապաշխարհել իր՝ պետական մակարդակով իրագործված բարբարոսության համար, որևէ հարատև խաղաղություն տարածաշրջանում անհնար է;
 
- Հաշվի առնելով Թուրքիայի անմիջական մասնակցությունը 2020թ. սեպտեմբեր-նոյեմբերին հայ ժողովրդի և Հայաստան պետության դեմ իրագործված պատերազմական գործողություններում, պարտադրել Թուրքիային մաս կազմել տարածաշրջանային հնարավոր ապաշրջափակման ծրագրերում՝ պարտավորեցնելով ապահովել տրանսպորտային և կոմունիկացիոն ենթակառուցվածքների՝ դեռևս ցարական Ռուսաստանի և սովետական ժամանակաշրջանից գոյություն ունեցող համակարգերի վերագործարկումը (Ղարս-Գյումրի երկաթգիծ, Գյումրի-Ղարս բարձր լարման էլեկտրական գծեր), երաշխավորել Հայաստանի բիզնես-ռեզիդենտների համար անխափան և ոչ դիսկրիմինացիոն ելքը դեպի Տրաբզոն նավահանգիստ՝ ապահովելով դեպի Հայաստան և Հայաստանից առևտրային և հումանիտար բեռների հոսքը;
 
- Գործարկելով միջազգային հանրության, պետությունների և համապատասխան կազմակերպությունների ողջ ներուժը, պարտադրել Թուրքիային պետական մակարդակով ապահովել հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության եզակի մնացած նմուշների պահպանությունը՝ միջազգային վերահսկողության ներքո;
 
- Նախիջևանի հայաթափումը, պատմական, մշակութային և հոգևոր ժառանգության ոչնչացումը դիտարկել որպես թուրքական ցեղասպան քաղաքականության շարունակություն, որևէ կոմունիկացիոն ծրագիր, որը կընդգրկի Նախիջևանով Թուրքիայի և Ադրբեջանի՝ Հայաստանի տարածքով կապի ապահովումը, պայմանավորել հայկական ժառանգության վերականգնման, հայերի անխափան մուտքի ապահովման՝ Ադրբեջանի ստանձնած հստակ պարտավորություններով;
 
- Լեռնային Ղարաբաղի/Արցախի հայ ժողովրդի ինքնորոշման հարցը դիտարկել թուրքական հերթական ցեղասպանությունից ինքնապաշտպանվելու տիրույթում, միջազգային բոլոր՝ այդ թվում դատական ատյաններում ներկայացնելով և հասնելով հարցի միանշանակ մեկնաբանման՝ ինքնորոշումը որպես ցեղասպանությունից փրկության միակ միջոց;
 
- Բոլոր հնարավոր գեոքաղաքական, հանրային, միջպետական, մասնավոր, հասարակական, նաև՝ կազմակերպված Սփյուռքի միջոցներով վիժեցնել Շուշին՝ որպես մահմեդական մշակութային կենտրոն հռչակելու Ադրբեջանի ջանքերն ու գործողությունները՝ վկայակոչելով նաև XX դարում հե՛նց Շուշիյում իրագործված՝ հայերի նկատմամբ ցեղասպան գործողությունները: Շուշին չի՛ կարող լինել մահմեդականների մշակութային մայրաքաղաք, Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության փաստը ճանաչելուց և ապաշխարհելուց հետո միայն հնարավոր կլինի դիտարկել Շուշին ՝ որպես մշակութային երկխոսության տարածաշրջանային կենտրոն դարձնելու գաղափարը:
 
Այս ամենը բարի ցանկությունների ծաղկաքաղ չէ միայն` ինչքան էլ դա այդպես որակեն ներսի կամ դրսի ՛՛թերահավատները''. ՊԱՐՏԱԴԻՐ ԱՆԵԼՈՒ ԵՆՔ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր