Վասակ Դարբինյան. Այս մի ապրիլի 24-ը մեր բանականության ու զգայարանների վրա շատ ավելի հզոր ազդեցություն ունեցավ, քան ունեցել են տարիների մեր տանջալի երթը
Հայտնի լրագրող Վասակ Դարբինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Իսրայելի Հայֆա քաղաքում 2015-ին առիթ եղավ այցելելու Հոլոքոստի թանգարան:
Կիսամութ մի սրահում նստարաններ կային շարված, և այցելուները կարող էին նստել ու նայել դիմացի հսկա պատին, կարդալ պատի վրա սահող բոլոր բնակավայրերի՝ քաղաքների ու գյուղերի անունները, որտեղ հրեաներ են սպանվել Հոլոքոստի տարիներին:
Լուսագրերով մատուցվող բնակավայրերի անունները առժամանակ սահում էին, ապա մարմրում՝ փոխարինվելով այլ անուններով: Ազդեցիկ, գեղեցիկ ու շատ զգայացունց պատկեր էր, բայց երկար ժամանակ հնարավոր չէր նստել ու նայել մահվան այդ կենդանի պատին:
Առհասարակ ամբողջ թանգարանը սահմռկեցուցիչ ճշգրտությամբ մատուցում էր սոսկալի իրադարձությունների մանրամասները, սկսած համակենտրոնացման ճամբարի մանրակերտից, վերջացրած խնամքով պահվող հին մասունքներով:
Դա թանգարան էր՝ անչափ տպավորիչ, զուսպ, հարուստ ու ճաշակով, այցելուին ոչինչ չպարտադրող և միաժամանակ նրա հոգին տակնուվրա անող:
...Հիմա, հինգ տարի անց, դիտելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից հեռարձակումը, կարող եմ ասել, որ այս մի ապրիլի 24-ը մեր բանականության ու զգայարանների վրա շատ ավելի հզոր ազդեցություն ունեցավ, քան ունեցել են տարիների մեր տանջալի երթը, ամեն տարվա մեր կազմակերպված կամ ինքնաբուխ տուրքը:
Զսպվածության, արժանապատվության, ինքնության գիտակցման փայլուն դաս մատուցվեց Ծիծեռնակաբերդի բարձունքից, երաժշտական հրաշալի կատարումներ ունկնդրեցինք, և իսրայելական Հայֆա քաղաքի Հոլոքոստի թանգարանի կիսամութ սրահի պատի հայկական «կրկնօրինակումը»՝ հաղորդագրություններով ուղարկված մեր ազգանունների լուսագրերի սահքը հուշարձանի պատերին, շատ ավելի ապրեցնող է և շատ ավելի պարտավորեցնող»: