211652_close_icon
views-count1446 դիտում article-date 16:50 24-04-2021

Ողջ քրիստոնյա աշխարհը պետք է ամաչի հայերի զոհաբերության համար. Կոնստանտին Ռադու Միրոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայոց ցեղասպանությունից ավելի քան հարյուր տարի անց մենք՝ Գերմանիայի քրիստոնյաներս, ամաչում ենք քրիստոնյա հայերի այդ տառապանքի համար: Այս մասին «Արմենպրես»-ին տրամադրած տեսաուղերձում ասել է Գերմանիայի միջեկեղեցական համագործակցության կենտրոնական խորհրդի նախագահ Կոնստանտին Ռադու Միրոնը:

Նա իր տեսաուղերձը սկսել է ամերիկացի գրող Քեթրին Լի Բեյթսի բանաստեղծության հետևյալ տողերով՝ «Հայաստան. այս անունը կարծեք թուր լինի ամեն մի քրիստոնյայի սրտում: Ո՜վ նահատակ ժողովուրդ, աշխարհի բոլոր դստրերից ամենահինը, որի դառնացած տառապանքները գերազանցում են ամեն վիշտ»:

«Բանաստեղծությունը գրվել է ցեղասպանությունից կարճ ժամանակ առաջ: Այն նախ լույս է տեսել «New York Evening Sun»-ում, ապա 1918թ. հոկտեմբերին հրապարակվել է Բոստոնի անգլալեզու «The Armenian Herald» հայկական թերթում: Հեղինակը ամերիկացի գրող է՝ Քեթրին Լի Բեյթս անունով, որ ապրել է 1859-1929 թթ.: Ամեն ամերիկացի նրան ճանաչում է իր «America, the beautiful» բանաստեղծությամբ, որը որոշակի առումով Միացյալ Նահանգների ոչ պաշտոնական ազգային օրհներգն է: Այո՛, սա այն երգն էր, որը Ջենիֆեր Լոպեսը երգեց Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը:

Քչերը գիտեն, որ բանաստեղծության հեղինակը իր բողոքի ձայնն է բարձրացրել 1915թ. Հայոց ցեղասպանության դեմ և հատկապես իր խորը մտահոգությունն արտահայտել այդ նահատակվող ժողովրդի ճակատագրի նկատմամբ Արևմուտքի անտարբերության առնչությամբ: Նշյալ բանաստեղծությունը, որ նա գրեց «New York Evening Sun»-ի համար, օգնության հուսահատ խնդրանք-կոչ էր՝ ուղղված իր հայրենակիցներին և ողջ աշխարհին՝ այն ողբերգության ֆոնին, որում հայտնվել էր քրիստոնյա հայ ազգը»,-  նշել է Կոնստանտին Ռադու Միրոնը:

Նա ընդգծել է, որ սա Հայոց ցեղասպանության մասին նրա միակ բանաստեղծությունը չէ: «Նա մեկ այլ բանաստեղծություն էլ է գրել, որը սկսվում է «Ի՞նչ է Քրիստոս» հարցով, այնուհետև խաչին բարձրացված Քրիստոսի պատկերը համեմատում է խաչված հայ ժողովրդի հետ: «Օ՜, ի՞նչ է Քրիստոս, ում մենք պետք է կանչենք․ Հայաստանը իր ողջ տառապանքի մեջ»: Երկու բանաստեղծություններում էլ գլխավոր մոտիվը Արեւմուտքի անտարբերությունն է հայ ժողովրդի տառապանքի հանդեպ: Ողջ քրիստոնեությունը պետք է ամաչի նրանց զոհաբերությունից»,– այսպես է նա ավարտում հիշատակված բանաստեղծությունը:

Այո՛, ողջ քրիստոնյա աշխարհը պետք է ամաչի հայերի զոհաբերության համար: Հարյուր տարի անց նաև մենք՝ այս երկրի քրիստոնյաներս, ամաչում ենք քրիստոնյա հայերի այս տառապանքի համար:

Գերմանիայի քրիստոնեական եկեղեցիների միջեկեղեցական կենտրոնական մարմնի անունով վստահեցնում եմ Ձեզ մեր մնայուն համերաշխությունը եւ Ձեզ փոխանցում խորազգաց վշտակցությունն ու հայտնում իրական հիացմունքը հայ ժողովրդի և նրա կողմից քրիստոնեական վկայության հանդեպ»,- հայտարարել է Գերմանիայի միջեկեղեցական համագործակցության կենտրոնական խորհրդի նախագահը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր