211652_close_icon
views-count1920 դիտում article-date 10:35 24-04-2021

Թշնամանքն ու ատելությունը կարող են հասնել կրիտիկական կետի. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ «Յուրաքանչյուր երկրի հզորությունը և զարգացման պոտենցիալը որոշվում է ոչ միայն ունեցած ռեսուրսներով, տարածքով ու բնակչության թվով, այլ նաև հանրության ներսում առկա բարոյահոգեբանական իրավիճակով, որի դեպքում համախմբվածությունն ու միասնությունն ամենակարևոր գործոններն են։

Բայց, որքան էլ տարօրինակ է, Նիկոլ Փաշինյանը, որն իր գլխավորությամբ իրականացրած իշխանափոխությունն անվանեց «սիրո և համերաշխության հեղափոխություն», 2018 թվականի գարնանը շարժումը սկսելուց ի վեր համերաշխության փոխարեն լայն թափով զարկ տվեց ներքին թշնամանքի ու տարաձայնությունների խորացմանը։ Իսկ արդեն վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո վերջինս հնարավորություն ուներ հանրությանը համախմբել պետության համար առանցքային գաղափարների շուրջ ու առաջ շարժվել, բայց ընտրեց ատելության գեներացման և հասարակությունը «սևերի ու սպիտակների», «նախկինների ու նորերի» արհեստական բաժանման միջոցով «հերոսանալու» ճանապարհը։

Այլ կերպ ասած՝ գործելու է բումերանգի էֆեկտը։ Բայց իշխանությունները երեք տարի շարունակ տաքացրեցին ատելության օձին, իսկ հիմա եկել է ժամանակը, երբ այդ օձն իր տաքացնողին է կծում։ Ուստի պետք չէ զարմանալ, որ Փաշինյանին Սյունիքում հայհոյանքներով ու թշնամանքով դիմավորեցին։ Իհարկե, մենք չենք արդարացնում և դատապարտելի ենք համարում հայհոյանքների ու ոչ պատշաճ վարմունքի ցանկացած դրսևորում, սակայն մյուս կողմից էլ՝ հաշվի առնելով Սյունիք աշխարհի համար առաջ եկած նոր անվտանգային իրողությունները՝ հասկանալի է դառնում այդ մարդկանց վրդովմունքը։ Բայց եթե իշխանությունները Փաշինյանի գլխավորությամբ պարբերաբար ներքաղաքական մթնոլորտ չսրսկեին ատելության հերթական չափաբաժինը, միգուցե սյունեցիների ու Փաշինյանի խոսակցությունն այլ բնույթ ձեռք բերեր, կամ ընթանար զուտ բովանդակային տիրույթում ու դրանով ավարտվեր։ Բայց նույնիսկ այս պահին, երբ ներքաղաքական մթնոլորտն այսքան շիկացած է, իշխանությունները չեն շտապում հետևություններ անել, ու շարունակում են իրենց այն գործելակերպը, որով առաջնորդվում էին»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր