211652_close_icon
views-count26983 դիտում article-date 10:42 23-04-2021

Թումանյան քաղաքում ֆուտբոլի միջհամայնքային դպրոցական առաջնության ժամանակ կրակոցներ արձակած կասկածյալը ներկայացել է ոստիկանություն՝ հանձնելով նաև հրացանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 22-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների կողմից կատարված բացատրական աշխատանքների արդյունքում, որը հիմնականում կատարել են ոստիկանության Թումանյանի բաժնի համայնքային ոստիկանները, ինքնակամ ոստիկանության Թումանյանի բաժին է ներկայացել 33-ամյա Վարշամ Հովսեփյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է ապրիլի 18-ին Թումանյան քաղաքում տեղի ունեցած ֆուտբոլային միջհամայնքային դպրոցական առաջնության ժամանակ խուլիգանություն կատարելու, իր մոտ եղած որսորդական հրացանով 2 անգամ օդ կրակելու մեջ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Հովսեփյանը ոստիկաններին է ներկայացրել նաև իր հանգուցյալ պապու անվամբ հաշվառված 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացանը։

Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնում ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում Վ. Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու։

Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 18-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, ոստիկանության Թումանյանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ նույն օրը, ժամը 13։00-ի սահմաններում Թումանյան քաղաքի (նախկին Ձաղիձոր գյուղ) մարզադաշտում տեղի ունեցած ֆուտբոլի միջհամայնքային դպրոցական առաջնության ժամանակ կրակոցներ են հնչել։

Թումանյանի ոստիկանները տաք հետքերով պարզել էին, որ Թումանյան քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Վարշամ Հովսեփյանը անհիմն վիճաբանել էր առաջնությանը ներկա մի խումբ անձանց հետ (ինքնությունները պարզվում էին), ցավագին ընդունել ներկաների դիտողությունները և դրսևորելով ցինիզմ, ինչպես նաև իր անձի առավելությունը ցուցաբերալու նպատակով տարբեր անձանց հասցեներին մոտ 20 րոպե տևողությամբ բարձրաձայն հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, որից հետո կարճ ժամանակով հեռացել և նորից վերադարձել էր մարզադաշտ, ձեռքին գտնվող երկփողանի որսորդական հրացանով 2 անգամ կրակել օդ, այդ կերպ ֆուտբոլի առաջնության մասնակից անձանց նկատմամբ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, հասարակության նկատմամբ դրսևորել բացահայտ անհարգալից վերաբերմունք և հեռացել:

Ոստիկանությունը ձեռնարկում էր անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքին ականատես անձանց և Վ. Հովսեփյանին ու հանցագործության գործիք հանդիսացող հրացանը հայտնաբերելու ուղղությամբ։

Պարզվել էր՝ դեպքին ականատես էին եղել Թումանյան քաղաքի մի խումբ բնակիչներ։ Պարզվել էր նաև, որ Վ. Հովսեփյանը միջադեպի ժամանակ սպառնալիքներ էր հնչեցրել ներկաների հասցեին, որ չհեռանան՝ որ հետ է վերադառնալու և սպանի բոլորին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր