211652_close_icon
views-count2746 դիտում article-date 10:53 06-04-2021

Շուռնուխում 13 կովերի անհետացման առեղծվածը. ի վերջո անասունները սահմանն անցե՞լ են, թե՞ ոչ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում բնակիչների համար կյանքը դարձել է ոչ ապահով: Մարտի 19-ից մինչ օրս այդ համայնքից 20 կով է անհետացել, որից գտնվել է միայն մեկը: Սակայն ուշագրավ են այդ 13 կովերի անհետացման հանգամանքները: Մասնավորապես, համայնքում առկա տեղեկատվության համաձայն՝ 13 կովերը ոչ թե ադրբեջանական կողմ են անցել, այլ հենց շուռնուխցիներն են այն վերցրել գյուղացի Գավրուշի ընտանիքից միջանձնային հարաբերությունների պատճառով: Եվ այս առումով հակասական են նաև պաշտոնական մեկնաբանությունները:

Օրինակ՝ Սյունիքի մարզից ընտրված պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է. «Ո՛չ հայկական սահմանապահները, ո՛չ ռուսական սահմանապահները չեն հաստատել, որ անցել են, իսկ ադրբեջանական կողմը մեկ հերքել է, մեկ հաստատել: Գավրուշի տղան գնացել է այնտեղ, չեն գտել: Ես այլ ինֆորմացիա եմ ստացել, որը չեմ կարող հրապարակել»,- ասել էր Ղահրամանյանը՝ խորհրդավոր գաղտնիություն պահելով:

Իսկ Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Այդ 13-ի մասով ադրբեջանցիները ռուսներին ասել են՝ կգտնենք, կբերենք: Կարող է՝ անցել են, կարող է՝ չեն անցել»։

Ու այդպես էլ անհասկանալի մնաց՝ ի վերջո որտեղ են 13 կովերը։ Ու որքան էլ համայնքի ղեկավարը սուտասան է անվանում պատգամավորին, սակայն միևնույն ժամանակ պաշտոնական հաստատում էլ չի եղել, որ այդ 13 կովերը ադրբեջանական կողմում են: Ստացվում է՝ Սյունիքի սահմանամերձ համայնքում ապրողներն իրականում լուրջ խնդրի առջև են կանգնած: Անվտանգ չէ ոչ միայն սահմանը, այլ հենց գյուղերի ներսում նախ կենդանիների, նաև, բնականաբար, մարդկանց կյանքը։ Փաստ է, որ կովերը չկան, փաստ է, որ սահմանը հսկողները հայկական և ռուսական կողմից հստակ ինֆորմացիա չեն տրամադրում, փաստ է, որ չի էլ հաստատվել երրորդ կողմից արված գողության վարկածը։ Կարճ ասած՝ անիշխանություն»։

Մնրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր