211652_close_icon
views-count70236 դիտում article-date 21:36 05-04-2021

Կասկադյորական ավտովթար Երևանում. Hyundai Elantra-ն բախվել է երկաթե դարպասներին, այնուհետև հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ մասամբ ծառի վրա. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

 Այսօր՝ ապրիլի 5-ին, խոշոր ու կասկադյորական  ավտովթար է տեղի ունեցել Երևանում:, Ժամը 21:00-ի սահմաններում Hyundai Elantra  մակնիշի ավտոմեքենան Վարդաշեն թաղամասի Գուրգեն Մահարի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել թիվ 101 տան երկաթե դարպասներին, այնուհետև առաջ ընթացել, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ մասամբ ծառի վրա:

 Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:

 Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը:

  Վթարի մասին Երևանի  ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մաշչյանը  տեղեկությունը փոխանցել է  ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակ,  որտեղից ժամանել է  դասակի հրամանատար Արտյոմ Մարտիրոսյանն ու ավագ տեսուչ  Շահեն Միսկարյանը: 

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն դեպքի վայրում վիրավոր մարդ չի հայտնաբերվել: 

Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը:

Վթարի վայրի հարևանությամբ բնակվող մեծ թվով բնակիչներ, այդ թվում՝ ավագ սերնդի ներկայացուցիչներ,  արդարացիորեն բարձրաձայնում էին,  ասելով. «էս փողոցը որոշ վարորդների համար դարձել է ավտոռալի: Քանի որ ճանապարհը լավ ասֆալտապատված է, որոշ վարորդներ  տանջում են ավտոմեքենայի գազի սեղմակը, չմտածելով, որ նման ձևի ավտոմեքենա վարելու պատճառով վթարներ են տեղի ունենում: Այս հատվածում բազմաթիվ ավտովթարներ են տեղի ունեցել, այդ թվում՝ վրաերթեր, եղել են մահվան ելքով, իսկ շատ քաղաքացիներ էլ հայտնվել են հիվանդանոցներում:

2 տարի է, դիմել ենք Երևանի քաղաքապետարան, անգամ՝ գրավոր, որպեսզի կամ արագաչափ դնեն, կամ 3-4 արհեստական անհարթություններ: Վստահ ենք, եթե արհեստական անհարթությունները տեղադրվեն, վթարները մեծ մասամբ կպակասեն: Հիմա ո՞ւմ դիմենք:

Փառք ենք տալիս Աստծուն, որ այս վթարի ժամանակ ոչ մի քաղաքացի չի տուժել: Ճիշտ է, տանտերը կրել է նյութական մեծ վնաս, բայց դա լուծվող հարց է, իսկ եթե քաղաքացի տուժեր ու քաղաքացու հարազատները բռնեին ու շան քոթակ տային, ո՞ւմ էին մեղադրելու:


Հիմա  գոնե այս վթարից հետո քաղաքապետարանի չինովիկները դուրս գան իրենց կաբինետներից ու գան մի օր, մի քանի ժամով էս փողոցում կանգնեն: Կհամոզվեն, որ մեր խնդրանք-պահանջը անկապ չի: Հարցի միակ լուծումը՝ մի քանի արհեստական անհարթություններ տեղադրելն է, ինչը զսպաշապիկ կլինի որոշ վայ վարորդների համար, էլ չենք ասում  5-6 հազար բնակիչների՝ հիմնականում բնակվողների,  ժամանած հյուրերի և այս ճանապարհով անցնող Շորբուլախի, Ջրաշենի ապրողների  անվտանգության մասին»:

*****
Քիչ առաջ «Մուրացան» բժշկական կենտրոնից Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Երևանի բնակիչ, 15-ամյա Մհեր Պ.-ն, ով տեղում  բուժօգնություն ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Նշված տեղեկությունը Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը փոխանցել է  ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից հիվանդանոց են մեկնել բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանն ու ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանը: 

Փաստի առթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր