211652_close_icon
views-count1417 դիտում article-date 18:13 05-09-2026

ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և ՔՊ-ական նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբոր հետևողականության շնորհիվ վարորդների համար պատուհաս դարձած և աղբավայրի վերածված ճանապարհի կառուցումը սկսվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

Արդեն մի քանի օր է՝ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ սկսվել են «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում վարորդների համար պատուհաս դարձած, աղբավայրի վերածված հատվածի շինարարական աշխատանքները։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ճանապարհաշինարարներն արդեն սկսել են պաշտպանիչ երկաթե պատնեշի կառուցումը, մինչ այդ նշված վայրից հեռացրել են մի քանի տոննա շինարարական ու կենցաղային աղբ։

Նշված ճանապարհի կառուցումը կարելի է ասել մեծ նշանակություն ունի Երևանը բեռնաթափելու համար ու երկար ու ձիգ տարիներ ՀՀ կառավարությունն ու Երևանի քաղաքապետարանը ամեն անհնարն անում էին, որպեսզի օր առաջ շինարարությունը սկսվի, սակայն կար քաղաքացու բողոքը, որը քննվում էր մեր արդարադատ դատարանի կողմից, ինչի պատճառով էլ դատարանն արգելել էր, որպեսզի շինաշխատանքներ կատարվեն։

Նշված ճանապարհի աշխատանքների կատարման համար անզիջում պայքար էր տարել նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբայրը՝ Նաիրի Սարգսյանը, ում նաև պետք է շնորհակալություն հայտնել, քանի որ շատերի նման չի բարձրաձայնել մեկ անգամ ու վերջ, շատերի նման մեկ անգամյա շոու չի սարքել, նկարվել ու վերջ, այլ օրեր, շաբաթներ, ամիսներ շարունակ պայքարել է, որպեսզի օր առաջ շինարարությունը վերսկսվի, ինչն էլ այսօր արդեն կյանքի է կոչվում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր  SHAMSHYAN.com, ֆեյսբուքյան օգտատեր Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ կարծես թե վերջապես սայլը տեղից շարժվում էր ու գուցե սկսվեին «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ճանապարհաշինարարական աշխատանքները։

Փետրվարի 26-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղից հայտնել էր, որ այս ճանապարհի կառուցումը երկար տարիների պատմություն ուներ և հիմնական պատճառը որոշ չինովնիկների անգործությունն էր։

Այս ճանապարհի մասին SHAMSHYAN.com-ը մի քանի անգամ ֆոտոռեպորտաժ և տեսանյութեր էր հրապարակել, թե ինչ բարձիթողի վիճակ էր և որ տարածքում կուտակված էր կենցաղային ու շինարարական աղբ։

Ամեն անգամ նման նյութեր հրապարակելուց հետո պատկան մարմինները սկսում էին հայտնի «Խաթաբալադա» ֆիլմի սգո թափորին մասնակցող կանանց նման լաց լինել, թե մենք չէինք գնահատում իրենց աշխատանքը։ Մինչդեռ երկար ու ձիգ տարիներ այդպես էլ չէր լուծվում խնդիրը։ Պատասխանատուները պատճառաբանում էին, թե հողի սեփականատերը դիմել էր դատարան, իսկ դատավորներն էլ հավանաբար առաջնորդվում էին «Էշ, մի սատկի, գարուն կգա» կարգախոսով։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ կարծես թե դատարանում գործն առաջ էր շարժվել ու դա առաջին հերթին Նաիրի Սարգսյանի շնորհիվ, ով հետևողականորեն, ի շահ երևանցիների ու վարորդների, գործը առաջ էր տարել՝ բազմաթիվ պատասխանատու մարմինների դիվադադար անելով։ Նրա ֆեյսբուքյան տեսաուղերձից հասկանալի էր դարձել, որ հնարավոր է առաջիկայում ճանապարհաշինարարները գործի անցնեին ու երբ մայրուղին ամբողջությամբ գործեր, երթևեկությունը շատ արագ այդ հատվածում կբեռնաթափվեր։

SHAMSHYAN.com-ը ներկայացրել էր նաև Նաիրի Սարգսյանի տեսաուղերձը։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր