211652_close_icon
views-count51104 դիտում article-date 13:37 03-04-2021

Ավտովթար-վրաերթ Երևանում. բախվել են BMW-ն ու Mercedes-ը. Mercedes-ն էլ վրաերթի է ենթարկել մորն ու աղջկան և տապալել «սվետաֆորը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ ապրիլի 2-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։45-ի սահմաններում Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 23-ամյա Տիգրան Հովսեփյանի վարած BMW X5 մակնիշի և 27-ամյա Մարտին Տեր-Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ը սահելով վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ 41-ամյա Վարդուհի Վիրաբյանին և 8-ամյա Ելենա Սարգսյանին։

Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ Վ. Վիրաբյանը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով էլ Mercedes-ը բախվել է խաչմերուկը կարգավորող լուսակրին, տապալել այն և հայտնվել մայթին։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության  ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառվարաման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային  ոստիկանության ճանապարհատրանսպորտային  պատահարների  գործերով հետաքննության և վարչական վարույթի  իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյոթեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները մայր ու դուստր են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+

Նմանատիպ նյութեր