211652_close_icon
views-count2719 դիտում article-date 15:38 30-04-2026

Գեղարքունիքի մարզում հայրենիքը պաշտպանող 15 զինվորների առեղծվածային մահվան դեպքով դատաքննությունը նոր կասկածելի հարցեր է ի հայտ բերում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևանի նստավայրում՝ Ազատի կացարանի հրդեհին առնչվող, 15 զինծառայողների առեղծվածային մահվան դեպքի առթիվ քրեական գործով ընթացող դատաքննության արդյունքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար SHAMSHYAN.com-ի թղթակիցը զրուցեց փաստաբան Արթուր Գոյունյանի հետ, ով ստանձնել է Ազատի կացարանում հակահրդեհային անվտանգության համապատասխան միջոցներ չձեռնարկելու համար անփութության մեջ մեղադրվող՝ ինժեներական ծառայության նախկին պետ, կապիտան Տիգրան Ղազարյանի և ինժեներասակրավորային վաշտի նախկին հրամանատար, կապիտան Գոռ Մարգարյանի շահերի պաշտպանությունը։

Արթուր Գոյունյանը,հաշվի առնելով՝ քրեական գործի դռնբաց դատաքննության, դրա շուրջ հանրության առանձնահատուկ հետաքրքրվածության, ինչպես նաև բոլոր նիստերի ըստ էության օնլայն տարբերակով՝ ուղիղ եթերով հեռարձակումը, զանազան շահարկումները բացառելու նկատառումներով պայմանավորված չհրաժարվեց և հարցազրույցի ընթացքում հայտնեց հետևյալի մասին.  

Քրեական վարույթի նախաքննությունն իրականացվել է խիստ թերի, մակերեսային, աղավաղվել է դեպքերի զարգացման հաջորդականությունը, ձեռք բերված և վարույթի նյութերին կցված ապացույցների գնահատմանը ցուցաբերվել է կամայական և ընտրողական մոտեցում՝այն ապացույցները որոնք փաստել են պաշտպանյալներիս անմեղության մասին՝ ընդհանրապես անտեսվել են, փոխարենը թյուրիմացաբար վարույթին են կցվել հօգուտ իրենց գործի ելքով շահագրգռված անձանց պատվերով կազմված ակնհայտ կեղծ փաստաթղթային հիմքեր, որպիսիք ճանաչվել են որպես արտավարութային փաստաթուղթ և դրվել պաշտպանյալներիս մեղադրանքի հիմքում։ Մինչեռ, դեռևս նախաքննության ընթացքում Տիգրան Ղազարյանի կողմից հայտնած՝ դեպքի հանգամանքների բացահայտմանը միտված էական նշանակություն ունեցող մի շարք փաստական հանգամանքների հետ հաշվի չնստելու, դրանից բխող անհրաժեշտ վարութային և քննչական համապատասխան գործողությունների կատարումից ձեռնպահ մնալու արդյունքում է, որ ողբերգական դեպքի պատճառների մասով լրատվամիջոցներով ներկայացված պաշտոնական վարկածի առնչությամբ մարդկանց մոտ առաջացել է ավելորդ կասկածամտություն։
Փոխարենը, հրդեհի բռնկման հարցում առանցքային դերակատարում ունեցած Եղիշե Հեկոբյանի կողմից՝ հրդեհից անմիջապես հետո տեղի ունեցած իրադարձությունների զարգացման հաջորդականության մասով բերված անհիմն բացատրություններն ու պատճառաբանությոնները գնահատվել են որպես հավաստի, որի արդյունքում 15 զինծառայողների մահվան հիմնական պատճառ է դիտարկվել ոչ թե հրդեհի բռնկումից անմիջապես հետո տագնապ չհնչեցնելն ու վերջիններիս տարհանումը չկազմակերպելը, այլ կացարանում կրակմարիչների և երկրորդ մուտքի բացակայությունն ու պատուհաններին ճաղավանդակների առկայությունը։

Նախաքննական մարմինը կասկածի տակ չի դրել Եղիշե Հակոբյանի և օրապահ Լևոն Խառատյանի անհեթեթ պատճառաբանություններն այն մասին, որ կացարանի նախասրահում հրդեհի բռնկումից անմիջապես հետո իբր ձեռնամուխ են եղել այն մարելուն միտված համապատասխան գործողություններ իրականացնելուն և կրակն այնքան արագ է տարածվել, որ չեն կարողացել այն մարել։ 

Քննությամբ որևէ ջանք չի գործադրվել  պարզելու համար, թե ինչի՞ց ելնելով է, որ 15 զինծառայողներն այնուամենայիվ չեն տարհանվել, ինչո՞վ է պայմանավորված, որ վառարանի ընդամենը 18մ2 մակերեսով սենյակից, որտեղ իբր երկուսով տևական ժամանակ կատարել են անարդյունավետ հրդեհաշիջման գործողություններ, այնուամենայնիվ մուտք չեն գործել 2 մետրի վրա գտնվող ննջասենյակ ու չեն հնչեցրել տագնապի ազդանշան և տղաներին փաստացի թողել անօգնական վիճակում։ 

Այսօր, մեկ անգամ ևս Տիգրան Ղազարյանը մանրամասն ցուցմունք տվեց և հիմնավոր տեղեկություններ ներկայացրեց դատարանին՝ հրդեհի բռնկումից հետո տեղի ունեցած՝ իրեն հայտնի զարգացումների վերաբերյալ, որոնք առանց որևէ պատճառաբանության անտեսվել ու որևէ գնահատականի չեն արժանացել  նախաքննության ընթացքում։

Մինչդեռ, Տիգրան Ղազարյանի հայտնած արժանահավատ ու փաստարկված տեղեկությունները հիմք ընդունելով, պարզվում է, որ կապիտան, օրվա պատասխանատու սպա Եղիշե Հակոբյանը, կոչված լինելով համապատասխան միջոցներ ձեռնարկել ինչպես հակահրդեհային անվտանգության, այնպես էլ  ընդհանրապես ողջ կարգ ու կանոնի պահպանումն անձնակազմի կողմից իր հերթափոխի ընթացքում ապահովելուն, անձամբ է խախտել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ կացարանում տեղադրված վառարանը թեժացրել է բենզինով, իսկ երբ բռնկվել է ձեռքին եղած 5 լիտրանոց տարայով լի բենզինն ու ստացել այրվածքներ, հատակին նետելով այրվող տարան՝ կացարանից դուրս է փախել և տևական ժամանակ ոչինչ չի ձեռնարկել՝ տագնապով անձնակազմին տարհանելու, ինչպես նաև հրդեհի հետագա տարածումը կանխելու համար։

Հրդեհի բռնկման փաստն իրականում հայտնաբերվել է որոշ ժամանակ անց, այն ծավալվելուց և անվերահսկելի դառնալուց հետո՝ դրսում գտնված զինծառայողների կողմից, ովքեր, սակայն, կարողացել են կացարանի ննջարանի ճաղավանդակների արանքից դուրս բերել միայն զինծառայողներից երկուսին, իսկ ննջարանում արգելափակված 15 զինծառայողներին փրկել չի հաջողվել։  

Տիգրան Ղազարյանը հայտնեց նաև այն մասին, որ Եղիշե Հակոբյանը միտումնավոր ու գիտակցված ստում է, այդ թվում պատճառաբանելով, որ իբր ձայն է տվել տղերքին, սակայն ննջարանից որևէ մեկը չի արձագանքել, դրանով իսկ անուղղակիորեն ցանկանալով հող ու նախապայմաններ ստեցծել մինչ հրդեհն առեղծվածային հանգամանքներում՝ բնականաբար ոչ իր մեղքով ու մասնակցությամբ, տղերքին ուրիշների կողմից կյանքից զրկելու մասին տպավորություն ստեղծելու համար։

Ընդ որում, հանրության լայն շրջանակներում ևս նման տպավորություն սերմանելու համար այս ընթացքում օգտագործվեցին նաև սոցիալական ցանցերը, կազմակերպվեցին ու իրականացվեցին համապատասխան փիար ակցիաներ։ 

Չնայած գործադրված համառ ջանքերին, շատերի համար է ակնհայտ, որ հրդեհը տարածվել է վառարանի անհաջող թեժացումից ու կրակի բռնկումից անմիջապես հետո՝ այն որոշ ժամանակ անվերահսկելի թողնվելու պատճառով, որի արդյունքում էլ կացարանում մնացած տղաներն ըստ էության ակամայից հայտնվել են թակարդի մեջ։
Միաժամանակ՝ անհերքելի է, որ տղաներից ոմանք, այդ ընթացքում, համենայնդեպս արթուն են եղել, կամ արթնացել են ու փորձել են ինչ-որ բան անել։ Դրա մասին են վկայում, այդ թվում դատաքննության ընթացքում ի հայտ եկած բազմաթիվ ուղղակի և անուղղակի փաստական հանգամանքները։

Նախաքննության ընթացքում վարույթ իրականացնող մարմինը, ցուցաբերելով կամայական մոտեցում՝ չի զննել, արտավարութային փաստաթղթեր չեն ճանաչվել քրեական վարույթում առկա ինչպես ծառայողական քննության նյութերը, այնպես էլ նյութերին կցված մի շարք փաստաթղթեր, որոնք հստակ տեղեկություններ են պարունակում ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի և զորամասի մի շարք բարձրաստիճան սպաների կողմից իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու և դրանց կատարմանն անփույթ վերաբերվելու, ինչու չէ նաև ողբերգական դեպքից օրեր առաջ զորամասի ԻՍ վաշտի կացարանը նորմատիվային պահանջներին չհամապատասխանելու, առկա բազում կենցաղային ու տեխնիկական խնդիրների ու դրանց լուծման անհրաժեշտության մասին։

Ավելին, ողբերգական դեպքից դեռևս մեկ ամիս առաջ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչության աշխատանքային խմբի ստուգայցերի արդյունքներով կազմված զեկուցագրով՝ վերոհիշյալ հիմնախնդիրների մասին քաջատեղյակ ու իրազեկված են եղել ընդհուպ մինչ ՀՀ ԶՈՒ շտաբի բարձրաստիճան պաշտոնատար անձինք, սակայն համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել։ 

Բացի այդ, զորամասի ողջ ստորաբաժանումներին, բացառությամբ ԻՍ վաշտի, ողբերգական դեպքի օրվա դրությամբ կրակմարիչներով ապահոված լինելու հանգամանքը ձևացնելու համար, դեպքից հետո կազմվել և իբրև ապացույց քննիչին են տրամադրվել  բաշխման-հանձնման ամփոփագրեր, որոնց ակնհայտ կեղծ լինելու հիմնավորումների մասին դատարանում մեր հնչեցրած ահազանգից հետո  նախաձեռնվել է քրեական վարույթ։

Չնայած այդ մասով նախաքննությունը դեռևս մոտ 1 տարի է, ինչ շարունակվում է, սակայն տեսանելի ու շոշափելի արդյունքներ դեռևս չկան։

Հիշյալ ակնհայտ կեղծ  փաստաթղթերը ճանաչվել են որպես արտավարութային փաստաթղթեր և դրվել պաշտպանյալներիս մեղադրանքի հիմքում՝ հիմնավորելու համար, որ ի տարբերություն ԻՍ վաշտի, զորամասի մյուս բոլոր ստորաբաժանումները կրակմարիչներով ապահովված են եղել, քանի որ տվյալ ստորաբաժանումների հրամանատարներն այդ ուղղությամբ ժամանակին ձեռնարկել են համապատասխան միջոցներ, իսկ Տիգրան Ղազարյանն ու Գոռ Մարգարյանն ի տարբերություն մյուսների այդ ամենից ձեռնպահ են մնացել՝ ցուցաբերել են պաշտոնեական անփութություն։

Ընդ որում, դրանք կեղծ են ոչ միայն ապրանքագրերին բնորոշ չափորոշիչներն ակնհայտորեն չպահպանելու առումով, մասնավորապես դրանցից յուրաքանչյուրով միանգամից հատկացում է ձևակերպվել 1 դեպքում՝ 13, 2-րդ դեպքում՝ 6 և 3-րդ դեպքում՝ 7 ստորաբաժանումների, այլև դրանցում առկա ստորագրությունները կեղծված լինելու հիմքով, ավելին կեղծիքը կատարվել է այնքան բացահայտ ու անթաքույց, որ միևնույն ստորաբաժանումները ներկայացնող անձանց ազգանունների դիմաց նույն փաստաթղթերում դրվել են ակնհայտորեն տարբերվող և տվյալ անձանց հետ բացարձակապես չառնչվող ստորագրություններ։

Հակահրդեհային անվտանգության կանոնները խախտելու արդյունքում ինժեներասակրավորային վաշտի կացարանում առաջացած հրդեհի ողբերգական հետևանքների համար մեղադրվող Եղիշե Հակոբյանից զատ, վաշտի կացարանը հակահրդեհային անվտագության միջոցներով չապահովելու, զինծառայողներին տարրական պահանջներին չհամապատասխանող կացարանում տեղակայելու համար ՀՀ քրեական օրենսգրքի՝ զինվորական պաշտոնեական անփութություն նախատեսող համապատասխան հոդվածով պատասխանատվության պետք է կանչվեին ոչ թե ստորին օղակներում գտնվող, իրողությունների վրա ըստ էության ազդելու որևէ հնարավորություն չունեցած իրենց նման անձինք, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր նստած լինելով ՊՆ տաքուկ կաբինետներում իրականում ունեցել են այդ հնարավորությունը, սակայն որևէ միջոց չեն ձեռնարկել, ինչպես նյութական ռեսուրսները ժամանակին նպատակային նշանակությամբ տնօրինելու, այնպես էլ զինծառայողներին տիպային պահանջներին համապատասխանող կացարանով ապահովելու ուղղությամբ։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է դատակն նիստի տեսանյութը՝ նկարահանված մեր գործընկեր 168.am-ի կողմից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր