«Վարչապետն ասել է՝ Շուշին դժգույն քաղաք է, այդպես էլ սարքում են». Շուշիում ևս մեկ հուշակոթող է գետնին հավասարեցվել
Ադրբեջանցիները Շուշիում ավերել են Հայոց ցեղասպանության, Հայրենական պատերազմի եւ Արցախյան առաջին պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողը։
Նշենք, որ տելեգրամյան ալիքները հրապարակել են Շուշիի այդ հուշակոթողից արբանյակներով արված 2020 եւ 2021 թվականների լուսանկարները, որոնցում ակնհայտորեն երեւում է, որ ադրբեջանցիները շարունակում են ավերել հայկական մշակութային ժառանգությունը։
NEWS.am-ի հետ զրույցում Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը պատմեց, որ հուշակոթողը մոտ 10 տարվա պատմություն ունի. «Գտնվում էր Շուշիի բանուկ թաղամասում՝ Պռոշյան եւ Ղազանչեցոց եկեղեցու փողոցների խաչմերուկներից մի փոքր վերեւ։ 1990-ական թվականների զոհվածների, երկրաշարժի եւ Եղեռնի հուշարձան էր կոչվում։ Շատ գեղեցիկ, լավ պատրաստված կոթող էր։
Մեկը Մանվել Գրիգորյանն էր բերել, մյուսն էլ որպես Եղեռնի հուշարձան էր։ Այսօր տեղեկացա, որ ամբողջությամբ քանդել են»։
Արծվիկ Սարգսյանի խոսքով՝ այն, ինչ հայկական է, ադրբեջանցիներն այսօր ամբողջությամբ վերացնում են իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում. «Մինչեւ անգամ հուշարձանների վրա հայերեն տառերով գրված են աղբյուրները, անգամ դրանք են ջնջել. վանդալիզմ է»։
Շուշիի քաղաքապետը պատմեց, որ հակառակորդը պոկել է նաեւ Խորհրդային Միության երկու կրկնակի հերոսների՝ Նելսոն Ստեփանյանի եւ Հովհաննես Բաղրամյանի արձանները. «Դե Վազգեն Սարգսյանինն արդեն հայտնի է, նաև Կանաչ Ժամն են պայթեցրել»։
Սարգսյանն ասաց, որ ռուս խաղաղապահների համար մուտքը Շուշի երբեմն փակ է լինում. «Նրանք հաճախ չեն կարողանում մտնել քաղաք։ Այն, ինչ տեսնում ենք, արբանյակով է։ Դե ինչ, արգելող չկա, ինչն իրենց պետք է, անում են։ Ինչպես վարչապետն ասել է՝ Շուշին դժգույն ու դժբախտ քաղաք է, այդպես էլ սարքում են»։
Մանրամասներն՝ այստեղ