Ֆերդինանդը Կարապետյանը միջազգային մրցաշարում պատվով հանդես եկավ
Գոհացնող մրցելույթներ ունեցավ մեր առաջատար ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը / 73 կգ /:
Թբիլիսիում անցկացված միջազգային վարկանիշային մրցաշարում, 45 մրցակիցների պայքարում, Ֆերդինանդը գրավեց պատվավոր յոթերորդ տեղը: Նա հաջորդաբար հաղթեց Իսրայելի, Ավստրիայի, Մոնղոլիայի ներկայացուցիչներին և մտավ քառորդ եզրափակիչ: Այդ փուլում նրա մրցակիցն էր Ակիլ Գժակովը / Կոսովո /, որին մեկ անգամ արդեն հաղթել էր հայ մարզիկը:
Բառացիորեն գոտեմարտի մինչև վերջին վայրկյանները, ինչպես զրույցի ժամանակ ասաց մեր ընտրանու գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը, հաղթանակի նժարը Ֆերդինանդի կողմն էր: Բայց չգիտես ինչու, մրցավարը, անմեղ վիճակում, սխալմամբ, միավոր տվեց մրցակցին, որի արդյունքում տուժեց հայ ձյուդոիստը:
Ֆերդինանդը եզրափակեց հրաշալի յոթնյակը, իր ունեցած 1552 միավորին ավելացրեց ևս 260-ը և մեծացրեց Տոկիոյի օլիմպիական խաղեր մեկնելու հնարավորությունը:
Առաջիկայում մարզիչն ու սանը կմասնակցեն արտագնա ուսումնամարզական հավաքի, որից հետո կմեկնեն Պորտուգալիա և մեր պատվիրակը կընդգրկվի Լիսաբոնում ապրիլի 16 –ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնության պայքարում: