211652_close_icon
views-count1565 դիտում article-date 16:13 25-03-2021

Ինչու է երկարում զինվորների աճյունների նույնականացման գործընթացը. պարզաբանում պատասխանատուներից

Զոհված զինծառայողների մասունքների ԴՆԹ հետազոտության ընթացքում երբեմն անհրաժեշտություն է առաջանում կրկնակի փորձաքննություն անցկացնել, ինչը համապատասխան ժամանակ է պահանջում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը՝ մեկնաբանելով մի խումբ ծնողների ու հարազատների բողոքն այն մասին, որ մինչև օրս իրենց որդիների և հարազատների մասունքների ԴՆԹ փորձաքննություն չի իրականացվել։

«Կան աճյուններ, որոնց դեպքում առաջին անգամ հնարավոր չի եղել ԴՆԹ որոշել: Այդ դեպքում մարմինները կամ մասունքները կրկնակի փորձաքննության են ենթարկվում»,-մանրամասնեց Խաչատրյանը:

Անդրադառնալով մինչև ԴՆԹ հետազոտության անցկացումը, զոհված զինծառայողների աճյուններին հող լինելու հանգամանքին, Առողջապահության նախարարի մամուլի խոսնակը նշեց, որ գործընթացն իրականացվում է օրենքի տառին համապատասխան: «Ըստ այդմ՝ զոհված զինծառայողների դիերը լվանալ չի կարելի: Լվանալուց հետո պարզապես անհնար կլինի ԴՆԹ փորձանմուշ վերցնել»,-ընդգծեց Խաչատրյանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հունան Թադևոսյանն էլ մանրամասնեց, որ ռազմագործողությունների վայրերում զոհված զինծառայողների մարմիններ հայտնաբերելու դեպքում, նախ՝ Քննչական ծառայությունը ստուգում է նույնականացնող փաստաթղթերի առկայությունը, գրանցում կատարում, որից հետո միայն աճյուններն ու մասունքներն ըստ հայտնաբերման վայրի՝ առանձնանշվում են և ուղարկվում ԴՆԹ հետազոտության: «Աճյուններին շատ հող լինելու պարագայում մաքրվում է միայն հագուստը»,-ընդգծեց Թադևոսյանը:

Պատերազմի ավարտից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1518 աճյուն: Առողջապահության նախարարությունը պարբերաբար թարմացնում է նույնականացված մարմինների թիվը: Նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ փորձանմուշների թիվը, որոնց հետ աշխատելը բարդ է, հասնում է 210-ի:

Նմանատիպ նյութեր