Տիգրան Ավինյանը խորհրդակցությունում քննարկել է «Մեկ պատուհանի» սկզբունքով մատուցվող ծառայությունների հարցերը
Մարտի 10-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում՝ «Մեկ պատուհանի» սկզբունքով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների վերաբերյալ: Փոխվարչապետը հանդես է եկել բացման խոսքով.
«Հարգելի գործընկերներ, այսօր քննարկման առարկան պետական ծառայությունների սպասարկման գրասենյակների հարցն է։ Տեղյակ եք, որ մի շարք պետական մարմինների կողմից նախաձեռնվել են պետական և տեղական ինքնակառավարման ոլորտում տրամադրվող ծառայությունների բարեփոխումներ, որոնք երբեմն կոնցեպտուալ և բովանդակային առումով տարբերվում են միմյանցից՝ կրելով էպիզոդիկ բնույթ։ Այս առումով, անհրաժեշտություն է առաջացել միասնականացնելու կառավարության քաղաքականությունը պետական և համայնքային ծառայությունների մատուցման բարեփոխումների գործում։
Նախարարությունների հետ համագործակցությամբ մեր գրասենյակի կողմից այս ոլորտում նախաձեռնվել են մի շարք ծրագրեր։ Նախ ավարտին է մոտեցել «Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության» մշակումը, որի չորս ուղղություններից մեկը պետական և համայնքային ծառայությունների բարեփոխումներ են։ Պետական և համայնքային ծառայությունների ոլորտում կառավարության քաղաքականությունը հստակեցնելու, գործողությունները ներդաշնակեցնելու նպատակով, այսօր նախարարությունները համառոտ կներկայացնեն իրենց մոտեցումները պետական և համայնքային ծառայությունների սպասարկման գրասենյակների մոդելի վերաբերյալ և համապատասխանաբար արդեն մեր բոլոր գործողությունները ընդհանուր մեկ տրամաբանության կբերենք քննարկման ավարտին»:
Քննարկման ընթացքում ներկայացվել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի վերաբերյալ զեկույց: Օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է հանրային ծառայությունների տրամադրման նոր համակարգի ներդրման հայեցակարգին: Անդրադարձ է կատարվել նաև պետության կողմից մատուցվող ծառայությունների ստանդարտներին: Մասնակիցները մտքեր են փոխանակել պետական և համայնքային ծառայությունների շուրջ, հնչել են առաջարկներ ու նկատառումներ բարեփոխումների ընթացիկ դրության վերաբերյալ: Առանձնապես կարևորվել է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների ոլորտում բարեփոխումների համակարգված իրականացումը: Այդ համատեքստում ընդգծվել է սեղմ ժամկետներում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը՝ ելակետում ունենալով ծառայությունների մատուցման «Մեկ պատուհան» սկզբունքը և բնակչության համար այդ ծառայությունները հնարավորինս հասանելի, արագ ու դյուրին դարձնելը: